«Թարիվերդիևի երաժշտության օրերն» Արցախում վերածվել էին իսկական տոնի: Նախաձեռնության հեղինակները` Միքայել Թարիվերդիև բարեգործական հիմնադրամի նախագահ, կոմպոզիտորի կին Վերա Թարիվերդիևան և մտահղացման հեղինակ, բանաստեղծ Վիկտոր Կոնոպլյովը գոհ են ապրիլի 21 -25-ը Արցախում անցկացված մշակութային իրադարձության արդյունքներից: Ամբողջ Արցախը «շնչում էր» հայազգի հռչակավոր կոմպոզիտոր Միքայել Թարվերդիևի երաժշտությամբ:

 

«Արցախում առաջին անգամ չէինք, եղել ենք նաև 2008-ին: Այնտեղ վերադառնալու ցանկությունը շատ մեծ էր: Մեծ հաճույքով ենք ընդունել Վիկտոր Կոնոպլյովի` նախաձեռնությունն իրականացնելու գաղափարը: Ոչ միայն տարբեր համերգներ ենք ունեցել, այլև շփվել ենք դպրոցների աշակերտների և ուսուցիչների հետ: Երեխաները և ուսուցիչները պատմում էին Թարիվերդիևի կենսագրությունը, ներկայացնում էին նրա երաժշտությունը»,-նշեց Վերա Թարիվերդիևան:

 

Թարիվերդիևան հիացել է արցախյան դպրոցներով: «Ինձ ապշեցրել է այն, թե Արցախում որքան մեծ ուշադրություն է դարձվում կրթությանը և լուսավորությանը, այնտեղ շատ լավ դպրոցներ կան: Ես նման լավ դպրոցներ քիչ եմ տեսել: Այնտեղ սովորում են շատ տաղանդավոր երեխաներ և աշխատում մանկավարժներ»,-նշեց կոմպոզիտորի կինը: Այցը, նրա բնորոշմամբ, շատ հաճելի էր և անմոռաց:

 

Մտահղացման հեղինակ, բանաստեղծ Վիկտոր Կոնոպլյովը շատ է սիրում Թարիվերդիևի երաժշտությունը: Կոնոպլյովն ընդգծեց, որ Արցախի հետ կապ ունի, որովհետև բազմաթիվ գաղափարներ է իրականացրել այնտեղ: «Սա իսկապես 5 օր տևողությամբ տոն էր»,-նշեց Կոնոպլյովը:

 

Թարիվերդևի ստեղծագործությունները կատարող Սար Սարգսյանն օրերի շրջանակում Արցախում հանդես է եկել մենահամերգով և կատարել կոմպոզիտորի ստեղծագործությունները: «Արցախի համար մեծ պատիվ էր, երբ իմացանք, որ Թարիվերդիևը արմատներով այնտեղից է: Բավականին հետաքրքիր օրեր էին, Արցախում իսկական տոն էր: Վերա Թարիվերդիևան այնտեղ շատ հուզիչ տեսարանների է ականատես եղել: Նշենք, որ 2016 թվականին նշվում է մաեստրոյի հոբելյանը»,-նշեց Սարգսյանը:

 

Վերա Թարիվերդիևան հույս ունի, որ Թարիվերդիևի երաժշտական օրերը կշարունակվեն, և, հնարավոր է, իրենք ճամփորդեն ամբողջ Հայաստանով: «Եթե չհայտնվեմ Ադրբեջանի սև ցուցակում, կվիավորվեմ»,-կես կատակ, կես լուրջ հավելեց կոմպոզիտորի կինը:

 

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 23-ին ընդունել էր Միքայել Թարիվերդիեւի բարեգործական հիմնադրամի նախագահ, անվանի երգահանի այրի Վերա Թարիվերդիևային և ռուս բանաստեղծ Վիկտոր Կոնոպլյովին: Բակո Սահակյանի խոսքով, արցախցիները հպարտ են, որ աշխարհահռչակ երգահանն արմատներով իրենց հայրենակիցն է, և նրա ստեղծագործությունները մեծ համբավ ունեն մեր երկրում: Քննարկվել են նաև Արցախում երաժշտարվեստի զարգացմանն առնչվող մի շարք հարցեր: Հանդիպմանը մասնակցել են ԼՂՀ կրթության և գիտության նախարար Սլավա Ասրյանը, պաշտոնատար այլ անձինք:

 

Կոմպոզիտոր Միքայել Թարիվերդիևը (Թարիվերդյան) ծնվել է Թբիլիսիում: Սովորել է տեղի երաժշտական տասնամյա դպրոցում, ապա` ուսումնարանում: 1957թ. ավարտել է Մոսկվայի Գնեսինների անվան երաժշտական-մանկավարժական ինստիտուտի ստեղծագործական բաժինը: 1958-ից ստեղծագործել է կինոյում: Հեղինակել է շուրջ 130 ֆիլմի երաժշտություն: Գրել է նաև երաժշտություն թատերական ներկայացումների և ռադիոբեմադրությունների համար: Ստեղծագործել է երաժշտության գրեթե բոլոր ժանրերով: 3 անգամ արժանացել է ՌԴ «Նիկա» կինոմրցանակին, ԱՄՆ երաժշտական ակադեմիայի մրցանակին: 1997թ. հրատարակվել է նրա «Ես պարզապես ապրում եմ» գիրքը: 1999-ից, 2 տարին մեկ, ՌԴ Կալինինգրադ քաղաքում անցկացվում է Թարիվերդիևի անվան երգեհոնահարների միջազգային մրցույթ: Ղեկավարել է ԽՍՀՄ կինեմատոգրաֆիստների միության կոմպոզիտորական գիլդիան: Արժանացել է մի շարք պետական պարգևների և մրցանակների, 1986թ.` ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է 1996 թ. Սոչիում: