Esem.am-ը գրում է.
«Եվրատեսիլ»-ին հաշված օրեր են մնացել: Մինչ Կոպենհագեն մեկնելը Արամ MP3-ը և Գոհար Գասպարյանը վերջին անգամ հանդիպեցին լրագրողների հետ: Ապրիլի 27-ին Արամ MP3-ն և հայաստանյան պատվիրակությունը կմեկնեն Կոպենհագեն, որտեղ էլ կսկսեն իրականացնել նախամրցութային գործընթացը: Առաջին փորձը տեղի կունենա ապրիլի 28-ին: Հայաստանյան պատվիրակությունն առաջինն է ժամանելու Կոպենհագեն: Գոհարը խոստացավ պահպանել ամենուր առաջինը լինելու սկզբունքը նաև մրցույթի ժամանակ:
Արամ MP3-ի փոխանցմամբ` պրոմո-տուրի ընթացքում նրանք Ռուսաստանում ունեցել են շուրջ 18 համերգ, այնուհետև մեկնել են Եվրոպա: «Հայերի կողմից շատ լավ, ջերմ ընդունելության ենք արժանացել: Դրսում ապրող հայերը մեզ շատ են քաջալերում և խոստացել են իրենց ձայներով մեր կողքին լինել: Շրջագայություններից վերադարձել եմ շատ պոզիտիվ տրամադրությամբ»,-նշեց երգիչը` չպատասախանելով Հոլանդիայի տապալված համերգի մասին հարցին: Կոնչիտայի հետ կապված պատմության մասին ևս Արամը գերադասեց չխոսել: «Այդ մասին շատ է խոսվել, կան շատ ավելի հետաքրքիր հարցեր, որոնց մասին այսօր կարելի է խոսել»,- ասաց պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը:
Խոսելով շոուի մասին` Գոհարը պատմեց, որ Արամը բեմում լինելու է մենակ, ելույթն ուղեկցվելու է գրաֆիկական լուծումներով և լուսային նոր էֆֆեկտներով: Արամի բեմական կերպարով զբաղվել է ոճաբան Արամ Նիկոլյանը. «Փորձել ենք ստանալ տեսահոլովակի կերպարի նման հագուստ` երկար ֆրակ, լուրջ կերպար»:
Նշենք, որ Արամ MP3-ն առաջինը ելույթ կունենա, նրա ելույթը նախատեսված է առաջին կիսաեզրափակչին` մայիսի 6-ին: «Եվրատեսիլ-2014»-ին այս տարի կմասնակցի 37 երկիր:
Արամն ու Գոհարը հայտնեցին համացանցային նոր մրցույթի մասին, որին կարող են մասնակցել սիրային զույգերը: Նրանք պետք է Արամ MP3-ի ֆեյսբուքյան պաշտոնական էջին ուղարկեն համբուրվող լուսանկար, որտեղ կխորհրդանշվի “Not Alone” երգի տեսահոլովակի հերոսների համբույրը: «Որքան օրիգինալ` այնքան լավ, լուսանկարը կարող է լինել հեծանիվներից, գնացքներից, ավտոբուսներից…:)»,- նշեց Արամ MP3-ն և հավելեց, որ հաղթողն անկանկալ մրցանակ կստանա:
Օրերս համացանցում հայտնվել է “So-Lo” խմբի հոլանդերեն ռեփ կատարումը` նվիրված Հայոց Ցեղասպանությանը: Տեսահոլովակում էպիզոդիկ դերով հանդես է եկել Արամ MP3-ին: «Մենք Գոհարի հետ մեկնել էինք Ալմելո` հանդիպելու այնտեղի հայ համայնքին, այնպես ստացվեց, որ հայ տղաներն այնտեղ նկարահանում էին ցեղասպանությանը նվիրված տեսահոլովակ, նրանք առաջարկեցին նկարահանվել, ես էլ մեծ սիրով համաձայնեցի»-ESem.am-ին ասաց Արամ MP3-ին:
Լուսանկարները և նյութը` Տաթևիկ Մկրտչյանի