ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգային ժողովն ապիլի 24-ին միաձայն բանաձև է ընդունել, որով պատվել և դրվատել է Հայոց ցեղասպանության տարիներին Մերձավոր Արևելքի Նպաստամատույցի և ամերիկացի ժողովրդի մատուցած աննախադեպ օգնությունը հայ ժողովրդին, նշում է Հայ դատի ԱՄՆ Արևելյան շրջանի հանձնախումբը: Նպաստամատույցի օգնության շնորհիվ վերահաս ոչնչացումից փրկվեցին 132 հազար որբեր:
«Հպարտ ենք տեսնելու, թե ինչպես Կալիֆորնիայի նահանգային ժողովը հարգում է Մերձավոր Արևելքի Նպաստամատույցի միջոցով Միացյալ Նահանգների և նրա ժողովուրդի մատուցած մարդասիրական օգնությունը, որի շնորհիվ բնաջնջումից փրկվեց հայ ժողովուրդը»,- նշել է Հայ դատի ԱՄՆ Արևելյան շրջանի հանձնախմբի գործադիր տնօրեն Էլեն Ասատրյանը: Նա շնորհակալություն է հայտնել նաև նահանգային ժողովի անդամներ Իան Կալդերոնին և Սքոթ Ուիլքին նախաձեռնության և բանաձևն առաջնորդելու համար:
1919թ. օգոստոսի 6-ի ԱՄՆ Կոնգրեսի որոշմամբ «Մերձավոր Արևելքում ամերիկյան նպաստամատույց կոմիտեն» վերանվանվել է «Մերձավոր Արևելքի Նպաստամատույցի» (Near East Relief): Կոմիտեի նպատակն էր դրամահավաք կազմակերպել և միջոցներ հայթայթել ցեղասպանությանը զոհ գնացող հայերի համար: Նպաստամատույցի մարդասիրական գործունեությունն ի սկզբանե բարձր գնահատանքի է արժանացել ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի կողմից, որը լինելով Քլիվլենդ Դոջի և Չարլզ Քրեյնի մերձավորը` մեծ հետաքրքրություն է ցուցաբերել կոմիտեի նկատմամբ:
Հիմնվելով որպես ժամանակավոր կոմիտե` Մերձավոր Արևելքի Նպաստամատույցը վեր է ածվել մի խոշոր կազմակերպության, որն ի սկզբանե իր առջև դնելով 100.000 դոլար հավաքելու անհրաժեշտությունը` գործունեության տասնհինգ տարիների ընթացքում ավելի քան 110 միլիոն դոլարի ներդրում է իրականացրել գաղթականների և որբերի փրկության գործում: Այդ մարդասիրական առաքելությունն իրականացվում էր ամերիկյան գործիչների և միսիոներների կողմից, որոնցից երեսունն այդ տարիներին ամենատարբեր հիվանդությունների և պատահարների զոհը դարձան:
Մերձավոր Արևելքի Նպաստամատույցի ջանքերով և ամերիկյան կառավարության ու ժողովրդի գործադրած մարդասիրական ջանքերի շնորհիվ ոչնչացումից փրկվեցին հարյուր հազարավոր հայեր, ինչպես նաև Մերձավոր Արևելքի կարիքավոր մյուս ժողովուրդների հազարավոր ներկայացուցիչներ: