
Այսօր կկայանա Արեգ Ազատյանի ու Շողիկ Թադևոսյանի «Ռոմանտիկները» գեղարվեստական ֆիլմի պրեմիերան։ Արդեն այսօրվանից երևանցիները հնարավորություն կունենան դիտել սկանդալային բնորոշում ստացած ֆիլմը մայրաքաղաքի բոլոր կինոթատրոններում։
Ինչպես նշում են հեղինակները, ֆիլմը սուր ու համարձակ է ոչ թե տեսարաններով, այլ բարձրացված հարցերով ու մոտեցմամբ։ Ըստ հեղինակների՝ այս տեսակ իրատեսական ոճով հայկական ֆիլմ դեռ չի նկարահանվել, որտեղ պատկերված կլինի հայ երիտասարդը, իր բոլոր կողմերով՝ երազանքներով, բարդույթներով ու աշխարհընկալմամբ:
Ֆիլմն իրականացվել է «Այսօր-Պլյուս» կինոարտադրության կողմից` Հայաստանի Ազգային կինոկենտրոնի, Արևելաեվրոպական կինոալիանսի, ԷԱՎԷ-ի ու այլ կինոկազմակերպությունների աջակցությամբ։
Ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է այս տարի` Գոթեբորգի հեղինակավոր կինոփառատոնում։ Գլխավոր դերերը մարմնավորել են Նարեկ Ներսիսյանը, Նարեկ Քթոյանը և այլք։