Ստոկհոլմում ապրիլի 24-ին տեղի են ունեցել Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված մի շարք միջոցառումներ: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, Շվեդիայի հայկական միությունների համադրող կենտրոնի նախաձեռնու­թյամբ Ստոկհոլմի կենտրոնական Սերյելս Թորյ հրապարակում տեղի է ունեցել հանրահավաք, որտեղ ելույթ են ունեցել Շվեդիայում ՀՀ դեսպան Արտակ Ապիտոնյանը, Շվեդիայի խորհրդարանի պատգամավորներ Հանս Լինդեն (Ձախ կուսակցություն), Ֆրեդրիկ Մալմը (Լիբերալ կուսակցություն), Մաթս Փերթոֆթը (Կանաչների կուսակցություն) ինչպես նաև Շվեդիայի հայկական միությունների համադրող կենտրոնի նախագահ Գառլեն Մանսուրեանը և Շվեդիայի ասորիների միության ներկայացուցիչը։

 

Իր ելույթում դեսպան Ապիտոնյանը նշել է, որ այսօր հայ ազգը իր երախտագիտությունն է հայտնում այն երկրներին, այդ թվում և Շվեդիային, որոնք ճանաչել և դատապարտել են այդ սարսափելի հանցագործությունը։ Դեսպանն իր գոհունակությունն է հայտնել այն փաստի կապակցությամբ, որ Շվեդիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում վճռորոշ դերակատարում ունեցած անձինք ներկա են գտնվում հանրահավաքին։ Դեսպանը նշել է, որ նույնիսկ այսօր՝ Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցի շեմին, ցեղասպանությունը շարունակվում է, այս անգամ ժխտողականության քողի տակ։ Անդրադառնալով Թուրքիայի վարչապետի կողմից ապրիլի 23-ին կատարված հայտարարությանը՝ դեսպանը ընդգծել է, որ նրա կողմից արված երկխոսության կոչը նմանվում է հեգնանքի, քանզի նույն Էրդողանի գլխավորած կառավարությունն էր, որը ցյուրիխյան արձանագրությունների բանակցումից և ստորագրումից հետո կասեցրեց դրանց վավերացումը։ Դեսպան Ապիտոնյանը նաև հարցազրույց է տվել Շվեդիայի «Ասսիրիեն» հեռուստաընկերությանը։

 

Մինչ հանրահավաքը, Հ.Մ.Ը.Մ. նախաձեռնությամբ տեղի էր ունեցել բազմամարդ երթ, որին մասնակցել է մոտ 800 մարդ։ Կառլապլան հրապարակում երթը մեկնարկել է Շվեդիայի հայ առաքելական և կաթողիկե հոգևոր հովիվների մատուցած հոգեհանգստի ծիսակատարությամբ, այնուհետև հանրահավաքի մասնակիցները հայրենասիրական երգերի և վանկարկումների ներքո երթով շարժվել են դեպի Շվեդիայում Թուրքիայի դեսպանություն։

 

Օրվա ընթացքում Շվեդիայում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ տեղի է ունեցել նաև ծաղկեպսակի զետեղման արարողություն շվեդ միսիոներ Ալմա Յոհանսսոնի գերեզմանին, ով ցեղասպանության տարիներին միսիոներա­կան գործունեություն է իրականացրել Արևմտյան Հայաստանում, փրկել բազմաթիվ հայորդիների կյանքը։ Արարողությանը մասնակցել են դեսպան Ապիտոնյանը, Շվեդիայում այցով գտնվող ՀՀ ԱԺ պատգամավորներ Արփինե Հովհաննիսյանը և Կարինե Պողոսյանը, ինչպես նաև Շվեդիայում հայ համայնքի հոգևոր և աշխարհիկ կառույցների ղեկավարները։ Արարողությունը սկսվել է Սկանդինավ յան երկրներում Հայ Առաքելական Եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Եղիշե վարդապետ Ավետիսյանի և Հայ Կաթողիկե Եկեղեցու հոգևոր հովիվ Տ․ Հովսեփ վարդապետ Պահէի մատուցած հոգեհանգստի ծիսակատարությամբ, որից հետո ելույթներով հանդես են եկել դեսպան Ապիտոնյանը, Շվեդիայի հայկական միությունների համադրող կենտրոնի կողմից Վահագն Ավետեանը և Արփինե Հովհաննիսյանը։

 

Նույն օրը Ստոկհոլմի Վանթյորս եկեղեցում տեղի է ունեցել նաև «Ապրիլ է, ձյուն է արել» խորագրով համերգ՝ նվիրված ցեղասպանության զոհերի հիշատակին։ Համերգը կազմակերպվել էր հայազգի դաշնակահարուհի Կարինե Հելլման-Գևորգյանի կողմից, որին մասնակցել են շվեդ երաժիշտներ Քրիստինա Համմարսթրյոմը և Վլադիմիր Դիկանսկին։ Համերգի ընթացքում հնչեցին Կոմիտասի, Յոհան Սեբաստիան Բախի և Կառլ Ֆիլիպ Էմանուել Բախի ստեղծագործությունները։