Արգենտինայի հայ համայնքի մի շարք ներկայացուցիչներ Բուենոս Այրեսից հատուկ եկել են, որպեսզի հայրենիքում ոգեկոչեն իրենց նախնիների հիշատակը: Շուրջ 10 հոգուց բաղկացած արգենտինահայերի խումբը ապրիլի 23-ին մասնակցել է ջահերով երթին, իսկ առավոտյան այցելել Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու 1915թ. 1,5 միլիոն անմեղ զոհերի հիշատակին:
«Ուրախացանք, որ երիտասարդությունն այդքան միասնական է եւ կարողանում է պահանջատեր լինել, որ չի մոռանում իր պատմությունն ու իր ապագան կերտում է անցյալի հիման վրա»,- ասաց Հայ բարեգործական ընդհանուր միության Բուենոս Այրեսի կառույցի անդամ Էդուարդո Ավագյանը:
Նրա բնորոշմամբ, արգենտինահայ երիտասարդությունն էլ է շատ ակտիվ և յուրաքանչյուր տարի ապրիլի 23-ին մասնակցում է ջահերով երթին, իսկ ապրիլի 24-ին` ոգեկոչման արարողությանը: «Արգենտինայի հայ համայնքն ավելի 100 հազար անդամ ունի, և նրանցից յուրաքանչյուրն էլ ապրում է պահանաջատիրության զգացումով: Արգենտինայում գործում է 5 հայկական դպրոց, որտեղ հայ պատանիներին պատմություն, լեզու և գրականություն ուսուցանելուն զուգահեռ, Հայոց ցեղասպանության մասին էլ են դասախոսություններ կարդում, որպեսզի հայ պատանիների կապը իրենց հայրենիքի հետ չխզվի»,- ասաց Ավագյանը` հավելելով, որ ապրիլի 24-ին Արգենտինայի հայկական երեք եկեղեցիներում կատարվում է հոգեհանգստյան արարողություն: Նախորդ տարիների օրինակով, այս տարի էլ արգենտինահայ համայնքը կկազմակերպի բողոքի ակցիա և երթ դեպի Թուրքիայի դեսպանատուն` այդ երկրի իշխանություններից պահանջելու ճանաչում և հատուցում:
«Արգենտինայի ժողովուրդը տեղյակ է, թե ինչ է կատարվել մեկ դար առաջ: Մենք միշտ խոսում ենք, պատմում, միջոցառումներ կազմակերպում: Արգենտինայի կառավարությունն էլ է ճանաչել Հայոց ցեղասպանությունը և միշտ պետական մակարդակով մասնակցում է հայկական միջոցառումներին, հարգում հայերի հիշատակը»,- ասաց Էդուարդո Ավագյանը` հավելելով, որ համայնքում պատրաստվում են Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին, սակայն, հույս ունեն, որ մինչև 2015թ. ապրիլի 24-ը աշխարհն ու առաջին հերթին Թուրքիան կճանաչեն Հայոց ցեղասպանությունը:
Արգենտինայի հայ համայնքը ձևավորվել է 1900-ական թվականների սկզբներին: Համայնքը համախմբված է և ունի բազմաթիվ նշանավոր մտավորականներ, քաղաքական և հասարակական գործիչներ: Այստեղ հրատարակվում են «Սարդարապատ», «Նոր Սևան», «Արմենիա», «Նոր Հաճըն», «Հայ» պարբերականները, գործում են հայկական ռադիոժամեր: Հայաստանի Հանրապետության և Արգենտինայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. հունվարի 17-ին: 2007թ. Արգենտինան ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը: