Հայոց Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցին ընդառաջ Գյումրիում կկառուցվի հուշարձան: Այս մասին ապրիլի 24-ին լրագրողների հետ ունեցած հանդիպման ժամանակ նշեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը: «Գյումրիում Ցեղասպանության զոհերին նվիված հուշարձան կառուցելու մեծ ցանկություն կա: Հարցը կքննարկենք մայիսին՝ Գյումրի այցելող բարերարների հետ»,-նշեց Գյումրու քաղաքապետը: Անդրադառնալով Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման կարևորությանը՝ Սամվել Բալասանյանը նշեց, որ անհրաժեշտ է ձեռնարկել բոլոր քայլերը դրան հասնելու համար: «Այսօր թեև շատ երկրներ, ԱՄՆ շատ նահանգներ են ճանաչել Հայոց Ցեղասպանությունը, բայց շատ կարևոր է, որ հասնենք այն բանին, որ Թուրքիան ինքը ճանաչի այդ իրողությունն այնպես, ինչպես Գերմանիան իր մեջ ուժ գտավ Հոլոքոստը ճանաչելու համար: Դրա համար պետք է գործի դնել բոլոր լծակները, որ Ցեղասպանության 100-ամյա տարելիցին Թուրքիան ոչ թե ուղղակի ցավակցի մեզ, այլ կատարի հստակ, իրական քայլ՝ հաստատի, որ եղել է ցեղասպանություն և ճանաչի այն»,- նշեց Սամվել Բալասանյանը:
Արմենուհի Մխոյան