Սյունիքի մարզի բոլոր քաղաքային և խոշոր գյուղական համայնքներում, ապրիլի 24-ին անցկացվեցին միջոցառումներ` նվիրված Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին:

 

Մասնավորապես, Կապանում մարզպետարանին հարակից Գարեգին Նժդեհի հարապարակից կազմակերպվեց երթ դեպի Բաղաբուրջի հուշահամալիր և կատարվեց ծաղկեդրման արարողություն` Մեծ եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին: Երթին մասնակցում էին Սյունիքի փոխմարզպետ Վաչե Գրիգորյանը, Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը, այլ պաշտոնական անձինք: Տարելիցի կապակցությամբ Կապանի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում մատուցվեց պատարագ` Մեծ եղեռնի 1,5 մլն անմեղ զոհերի հիշատակին:

 

Նախօրեին Կապանում անցկացվել էր ջահերով երթ, որին մասնակցեցին 100-ավոր կապանցի երիտասարդներ: Արդեն Կապանում ավանդական դարձած երթը կազմակերպել էր ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միությունը, որի կոչին միացել էին ոչ միայն երիտասարդներ տարբեր ՀԿ-ներից, այլև տարբեր քաղաքական կուսակցություններից: Ջահերով երթը, որի նպատակն է իրազեկել աշխարհին 1915 թվականին Օսմանյան Թուրքիայի կողմից իրագործված Հայոց ցեղասպանության մասին, մեկնարկեց երեկոյան 19.30-ին` ՀՅԴ Կապանի «Արամ Մանուկյան» կոմիտեության գրասենյակի մոտից` Հ.Ավետիսյան փողոցից, անցավ Դավիթ- Բեկի և Կարեն Դեմիրճյանի անվան հրապարակներով, այնուհետև Մելիք-Ստեփանյան և Ազատամարտիկների փողոցով ու բարձրացավ Բաղաբուրջի հուշահամալիր: Երթի մասնակիցներն իրենց հետ գետնին քարշ տալով տարել են Թուրքիայի դրոշը, որը Մեծ եղեռնի զոհերի հիշատակի հուշակոթողի մոտ այրել են: Այստեղ երիտասարդները մինչ ուշ գիշեր կատարել են հայրենասիրական երգեր:

 

Ապրիլի 23-ին ջահերով երթ է կազմակերպել նաև Գորիսի պետական համալսարանը, որի նախաձեռնությանը միացել են 100-ավոր գորիսեցի երիտասարդներ: Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Գորիսում, ապրիլի 24-ին ևս անցկացվել են տարբեր միջոցառումներ:

 

Գոհար Իսախանյան