Մայրաքաղաքի և մարզերի հինգ քրեակատարողական հիմնարկներում ապրիլի 15-ից 29-ը ցուցադրվելու են վերջին տարիների արտադրության բրիտանական ֆիլմեր: Բրիտանական խորհուրդը ՀՀ Արդարադատության նախարարության հետ նախաձեռնել է բրիտանական ֆիլմերի ցուցադրությունների շարք Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում: Նախաձեռնությունն իրականացվում է Բրիտանական ֆիլմերի փառատոնի շրջանակում:
«Բրիտանական ֆիլմերի փառատոնն այս տարի անցկացվում էր ներառական հասարակություն ձևավորելու գաղափարի ներքո: Փառատոնի շրջանակում իրականացված մրցույթների ու միջոցառումների նպատակն էր ներգրավել հասարակության տարբեր խմբերի ներկայացուցիչներին: Քրեակատարողական հիմնարկներում ցուցադրությունների շարքը նույն նպատակի իրագործման շարունակությունն է»,-ասել է Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը:
Այս տարի Բրիտանական ֆիլմերի փառատոնի նպատակն էր բոլորի ուշադրությունը հրավիրել սոցիալապես խոցելի խմբերի ներկայացուցիչների վրա:
«Կարևոր է, որ քրեակատարողական հիմնարկներում մարդիկ ընդգրկված լինեն հասարակության սոցիալ-մշակութային կյանքին, իրազեկ լինեն տեղի ունեցող գործընթացներին, հաղորդակցվեն այլ մշակութային արժեքների: Ֆիլմերի ցուցադրությունն առաջին նման փորձն էր, որ երբևէ տեղի է ունեցել քրեակատարողական հիմնարկներում, և պետք է ասել, որ այն հաջողել է: Նախաձեռնությունը լայն արձագանք է գտել ազատազրկված անձանց շրջանում»,- նշել է ՀՀ արդարադատության նախարարության «Իրավախախտում կատարած անչափահասների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գայանե Հովակիմյանը:
Ֆիլմերն արդեն ցուցադրվել են «Սևան», «Արթիկ» և «Աբովյան» քրեակատարողական հիմնարկներում, իսկ մինչև ապրիլի վերջ ցուցադրություններ կկազմակերպվեն նաև «Վարդաշեն» և «Կոշ» քրեակատարողական հիմնարկներում: Նախաձեռնությանն աջակցել են ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանությունը և ՀՀ արդարադատության նախարարությունը: