Գեղարքունիքի մարզի Այգուտ գյուղի միջնակարգ դպրոցում նշվեց «Ֆրանկոֆոնիայի օրերը Հայաստանում» միջոցառումների շարքի ավարտը, որը մեկնարկել էր այս տարվա մարտի 20-ից: Միջոցառումը կազմակերպվել էր դպրոցի ֆրանսերեն լեզվի ուսուցչուհի Աիդա Մովսիսյանի ջանքերով: Միջոցառմանը մասնակցում էին 5-12-րդ դասարանի 30 աշակերտներ: Նրանք երգի և ասմունքի, բանավոր խոսքի և հաղորդակցության միջոցով ցուցադրեցին իրենց գիտելիքները ֆրանսերենից, մշակույթից և պատմությունից: Աշակերտները կատարեցին ֆրանսահայ նշանավոր շանսոնյե Շարլ Ազնավուրի երգերից, արտասանեցին բանաստեղծություններ, ֆրանսերեն լեզվով հնչեցրին հայտնի մարդկանց կենսագրություններ` Մարի Կյուրի, Շարլ Ազնավուր, Վիկտոր Հյուգո… Ներկայացվեց Ֆրանսիան որպես Եվրոպական երկիր, նրա աշխարհագրական դիրքը, տնտեսությունը, կապերը արտերկրի հետ: Ներկայացվեցին Ֆրանսիայի շրջանները, դրանց առանձնահատկությունները, արդյունաբերությունը, տուրիզմը: Վարեցին երկխոսություններ տարբեր բնագավառների շուրջ: Դարձյալ ֆրանսերեն ներկայացվեցին տոները, հատկապես Ս. Զատիկը: Միջոցառումն ավարտվեց Շարլ Ազնավուրի «Քեզ, Հայաստան» ստեղծագործության կատարմամբ:

 

«Ֆրանսերենը 32 երկրների պետական ու կիսով չափ պետական լեզուն է: Կան երկրներ, որտեղ այն խոսակցական լեզու է, երկրներ էլ կան, որտեղ դասավանդման լեզու է: Այսինքն, համարյա ամբողջ աշխարհն ընդգրկված է այդ խմբի մեջ: Քանի որ լեզուն տարիներ շարունակ ուսուցանվել է մեր երկրում, մենք նույնպես պետք է նշենք այդ տոնը առանձին շուքով: Մեր պետությունը գնում է բազմակողմանի զարգացման: Երեխաները նույնպես պետք է տեղեկացված լինեն: Այսօր նրանք գիտեն, որ Ֆրանսիան նշանավոր է պանրի, օծանելիքի արտադրությամբ, մեքենաշինությամբ: Ճանաչում են այդ երկիրը, նրա բերած քաղաքակրթությունը, ստեղծած հոգևոր ու նյութական արժեքները»,-ամփոփիչ խոսքում նշեց միջոցառման կազմակերպիչ Աիդա Մովսիսյանը:

 

Ֆրանսերեն լեզուն Այգուտի միջնակարգ դպրոցում դասավանդվում է 2008 թվականից:

 

Խոսրով Խլղաթյան