Արցախյան ազատամարտի մասին հայ-լիտվական համատեղ արտադրությամբ ստեղծված և դեռևս էկրաններին չհայտնված նոր` «Թևանիկ» ֆիլմը հասցրել է մեծ հետաքրքրություն առաջացնել արվեստագետների և արվեստասերների շրջանում: Կինոռեժիսոր Վիգեն Չալդրանյանը Ջիվան Ավետիսյանի «Թևանիկ» լիամետրաժ գեղարվեստական ֆիլմը դիտելու և իր խորհուրդները ռեժիսորին փոխանցելու առիթ է ունեցել նախապես: «Ես ողջունում եմ Ջիվանի մուտքը կինոարվեստ: Ջիվանը հազվագյուտ կինեմատոգրաֆիստներից է, որոնց հաջորդ ֆիլմին ես սպասելու եմ, որովհետև ուզում եմ ամեն ֆիլմի հետ տեսնել նրա աճը, ավելի խորը, ավելի ազգային, և ավելի պինդ խոսք, որը կբերի մեր մշակույթի ճգնաժամից դուրս գալուն: Ես տեսել եմ ֆիլմը, հավանել եմ այն: Ֆիլմում կան բաներ, որոնք ինձ, իրոք, զարմացնում են: Մեզ բոլորիս հայտնի դերասաններ են, բայց բոլորովին նոր որակի մեջ, իսկ դա, իհարկե, գալիս է նաև ռեժիսուրայից»,-նշել է Չալդրանյանը:

 

Ֆիլմն արտադրել  է «Ֆիշ այ Արթ» մշակութային հիմնադրամը Հայաստանի ազգային կինոկենտրոնի և լիտվական «Արտբոքս» կինոընկերության հետ համատեղ: Կինոնկարը ստեղծվել է Առնոլդ Աղաբաբովի «Թևանիկ» կինոսցենարի հիման վրա, սցենարը շարունակել է Կարինե Խոդիկյանը, երաժշտությունը գրել է լիտվացի Յոնաս Յուրկունասը:

 

«Ես կարծում եմ այն, ինչ պատմվում է, շատ հետաքրքիր է: Այն երեխաների մասին է, ովքեր ստիպված են ժամանակից շուտ ապրել մեծերի հետ նույն կյանքով, որտեղ պատերազմ է, դավաճանություն, մահ, սեր... Ինձ թվում է ռեժիսորին հաջողվել է դա նկարագրել ազդու և ոգեշնչող ձևով»,-նշել է լիտվացի կոմպոզիտորը:

 

Ֆիլմի դերասանական կազմում ընդգրկված են նաև դերասաններ Արցախից: Նրանցից Քաջիկ Հարությունյանը քսան տարի առաջ Ջիվան Ավետիսյանին թատերական արվեստի այբուբենին է ծանոթացրել Ստեփանակերտի մանկական ստեղծագործական կենտրոնում: «Ես խաղում եմ Ջիվանի ստեղծած երեք ֆիլմերում: Ուրախ ու հպարտ եմ, որ իմ սանը նկարահանման հրապարակում կարողանում է այնպիսի մթնոլորտ ստեղծել, որ դերասանները մեծ եռանդով ու հավատով իրագործում են նրա մտահղացումները»,-ընդգծել է Հարությունյանը:

 

Բելառուսից հրավիրված դերասանուհի Ռեհինա Բուդնիկը ոչ միայն հիացած է Պատարա և Խաչեն գյուղերի բնապատկերներով, որտեղ տեղի են ունեցել ֆիլմի նկարահանումներ, այլ նաև ֆիլմի ստեղծագործական կազմով: «Բարեբախտություն էր հայտնվել համերաշխ ու համախմբված նկարահանող խմբում, որը ոչ միայն ջերմորեն ընդունեց ինձ, այլև թույլ տվեց մտածել, որ սկսնակը կարող է խաղալ: Ամբողջ թիմի հսկայական ու բարդ աշխատանքի հետևում թաքնված է ոչ միայն գեղարվեստական, այլև հոգևոր արժեք: Հաճելի է, որ ես հպվել եմ դրան: Իմ կյանքում այսքան արտասովոր արկածի համար անսահման շնորհակ ալ եմ Ջիվանին»,-նշել է Բուդնիկը:

 

«Թևանիկը» մայիսի 6-ից հնարավոր կլինի դիտել կինոթատրոններում: «Թևանիկը» պատմություն է երեք պատանիների մասին, ովքեր բնավ չեն պատկերացնում, թե ինչ է պատերազմը: «Ֆիլմը ներկայացնում է արցախյան ազատամարտի տարիները` մասնավորապես սկզբնական շրջանը, երբ պատերազմի վտանգն էր դեռ կախված մարդկանց գլխին, և մարդիկ ամբողջությամբ պատերազմի մեջ չէին: Ֆիլմը պատմում է 14 տարեկան երեք պատանու մասին, ովքեր ևս, մեծահասակների պես, բնավ չեն պատկերացնում, թե ինչ է պատերազմը: Անկախ իրենց կամքից` նրանք պատերազմի դաժան դրոշմը կրում են իրենց վրա` տարբեր կերպ: Բայց հետո բոլորը համախմբվում են խրամատում: Պատերազմ է: Պատերազմ, որի մասին իրենք էլ պատկերացում չունեն և չեն էլ հասցնում ըմբռնել` ինչ է դա: Պատերազմի դաժանությունը վերջ է դնում շատերի կյանքին»,-մեզ հետ զրույցում ավելի վաղ նշել էր Ջիվան Ավետիսյանը: