Աշխարհահռչակ կոլումբիացի գրող Գաբրիել Գարսիա Մարկեսի մահից հետո Մոսկվայի գրախանութներում կրկնակի ավելացել Է նրա գրքերի վաճառքը: Այդ մասին հայտնել են գրախանութների ներկայացուցիչները, որոնք մասնակցել են ՌԻԱ Նովոստիի անցկացրած հարցմանը:

 

«Վերջին շաբաթվա ընթացքում Մարկեսի գրքերի վաճառքն ավելացել Է կրկնակի: Թոփում են հայտնվել նրա այնպիսի ստեղծագործություններ, ինչպիսիք են՝ «Հարյուր տարվա մենություն»-ը, «Սերը ժանտախտի ժամանակ», «Գնդապետին ոչ ոք չի գրում», «Պատրիարքի աշունը»,-ասել Է «Բիբլիո-Գլոբուս» առեւտրի տան ներկայացուցիչը:

 

Մարկեսի մահը նրա գրքերի նկատմամբ հետաքրքրություն Է առաջացրել նոր ընթերցողների շրջանում, ովքեր ընտրում են գրողի ամենահայտնի ստեղծագործությունները, նշել Է Ozon.ru օնլայն-խանութի ներկայացուցիչ Ալեքսեյ Կուզմինը:

 

«Գաբրիել Գարսիա Մարկեսի մահից հետո նրա գրքերի վաճառքն ավելացել Է 100 տոկոսով»,- ասել Է նա:

 

Այսօր Մեխիկոյի Գեղեցիկ արվեստների պալատում տեղի կունենա Գաբրիել Գարսիա Մարկեսի հետ հրաժեշտի արարողությունը: Ինչպես հայտնել են քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները, սգո միջոցառմանն սպասվում Է նախագահ Էնրիկե Պենյա Նիետոյի և Կոլումբիայի ղեկավար Խուան Մանուել Սանտոսի ներկայությունը:

 

Մշակույթի և արվեստի ազգային խորհրդի նախագահ Ռաֆայել Տովարի խոսքով՝ հրաժեշտի արարողությունը կտևի շուրջ չորս ժամ: Դրան կմասնակցեն աշխարհի մշակույթի գործիչներ և ազգային հասարակայնության ներկայացուցիչներ, ինչպես նաև գրողի տաղանդի երկրպագուներ:

 

Ինչպես նշել Է Ռաֆայել Տովարը, առայժմ որոշված չԷ, թե որտեղ կթաղվի Գարսիա Մարկեսը: Գրողի մերձավորները, որոնք բնակվում են Մեխիկոյում, ցանկանում են, որ նրա աճյունը մնա Մեքսիկայի մայրաքաղաքում: Գրողի՝ Կոլումբիայում բնակվող ազգականներն, իրենց հերթին, խնդրում են նրա աճյունը տանել այդ երկիր, որը նրա հայրենքին Է: Այս պահին քննարկվում Է այն տարբերակը, ըստ որի աճյունի մի մասը կմնա Մեխիկոյում, մյուսը՝ կուղարկվի Բոգոտա:

 

Հռչակավոր կոլումբիացու ստեղծագործության երկրպագուները նրա տան մոտ դնում են դեղին ծաղիկների փնջեր: Գրողը կյանքի օրոք գերադասում Էր դրանք:

 

Մարկեսը վախճանվել Է ապրիլի 17-ին Մեխիկոյի իր տանը: Ըստ նախնական վարկածի՝ մահվան պատճառ են դարձել երիկամային անբավարարությունը և շնչուղիների հիվանդությունը: