Բոստոնում (Մասաչուսեթսի նահանգ) ապրիլի 21-ին տեղի կունենա ավանդական մարաթոնը՝ աշխարհի հնագույն և առավել հեղինակավոր թեթեևատլետիկական վազքահերթերից մեկը:

 

Մրցությունը կանցնի անվտանգության խստացված միջոցների պայմաններում: Դա կապված Է այն բանի հետ, որ մեկ տարի առաջ մարաթոնի վերջնագծից ոչ հեռու տեղի ունեցավ ահաբեկչական գործողություն: Երկու պայթյունների հետևանքով, որոնք որոտացին 12 վայրկյան միջակայքով, զոհվեց երեք մարդ, ավելի քան 260-ը վիրավորվեցին:

 

ԱՄՆ-ի իշխանությունները համոզված են, որ այս ահաբեկչական գործողության կազմակերպիչներն ու կատարողները եղել են Ցարնաև եղբայրները՝ 26-ամյա Թամեռլանը և 20-ամյա Ջոհարը: Ահաբեկչական գործողությունից մի քանի օր անց Թամեռլանն սպանվեց ոստիկանության հետ փոխհրաձգության ժամանակ, Ջոհարի նկատմամբ դատը, որին սպառնում Է մահապատիժ, կսկսվի նոյեմբերին:

 

Մարաթոնն անցկացվում Է 118-րդ անգամ և, ինչպես միշտ, նվիրված Է ԱՄՆ-ում նշվող Հայրենասերների օրվան: 42 կիլոմետր 195 մետր երկարությամբ վազքահերթին կմասնակցի 36 հազար մարդ՝ 9 հազարով ավելի, քան անցյալ տարի: Այսպիսով, մրցումը կդառնա մասսայականությամբ երկրորդը դրա անցկացման ամբողջ պատմության ընթացքում: 1996 թվականին հարյուրերորդ վազքահերթին մասնակցել Է 38 հազար 708 մարզիկ:

 

Մրցումը կդիտի գրեթե 1 միլիոն մարդ: Մեկնարկը կտրվի տեղական ժամանակով ժամը 08:50-ին (Երեւանի ժամանակով ժամը 16:50-ին): Քաղաքի բնակիչներն ուղեգծի ամբողջ երկարությամբ տնկել են ավելի քան 100 հազար նարգիզ ի հիշատակ անցյալ տարվա ողբերգության:

 

Վազքահերթի ընթացքում անվտանգությունը կապահովի ավելի քան 3,5 հազար ոստիկան՝ կրկնապատիկ ավելի, քան անցյալ տարի, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: