«Արամ Խաչատրյան» համերգասրահում ապրիլի 19-ին Երևանի Չայկովսկու անվան երաժշտական միջնակարգ մասնագիտական դպրոցը կտոնի իր հիմնադրման 75-ամյա հոբելյանը: Տասնամյակների հարուստ ավանդույթներ ունեցող այս կրթօջախը տարիներ շարունակ փոքրիկ երաժիշտներին ծանոթացրել է երաժշտական աշխարհի գաղտնիքներին և տվել բարձրակարգ կատարողական հմտություններ: Ինչպես տեղեկացրին Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժնից` երեկոյի ընթացքում ելույթ կունենան դպրոցի սիմֆոնիկ նվագախումբը և երգչախումբը (նվագախմբի դիրիժոր` Ռուբեն Ասատրյան, երգչախմբի խմբավար` Սարինա Ավթանդիլյան), «Ունիսոն» ջութակահարների անսամբլը (ղեկավարներ` Աննա Աճեմյան, Էմմա Լալայան), դպրոցի ջազ-բենդը (դիրիժոր` Արմեն Հյուսնունց): Որպես մենակատարներ հանդես կգան դպրոցի սաները:

 

Համերգի բազմաժանր ծրագիրը ներառում է նաև ՀՀ Նախագահի տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի հեղինակած «Աստծո հրեշտակներ» ստեղծագործությունը (դիրիժոր'Սերգեյ Սմբատյան):