Գյումրիում այսուհետև կգործի «Գյումրի Վիքիակումբ»-ը, որի պաշտոնական բացումն ազդարարվեց ապրիլի 18-ին, «ԿԱԶԱ» շվեյցարական հիմնադրամի Գյումրու դահլիճում:
Միջոցառման ընթացքում փորձագետները ներկայացրեցին վիքինախագծերի կարևորությունն ու ձեռքբերումները, ինչպես նաև տեղական և միջազգային ծրագրերը՝ կոնֆերանսներ, համագործակցության նախագծեր, «Մեկ հայ, մեկ հոդված»,«Վիքին սիրում է գիտությունը», «Հայ ժամանակակից գրականությանն ընդառաջ», Մատենադարանի և հանրագիտարանների խմբագրությունների հետ համագործակցություն, «Վիքին դպրոցներում և համալսարաններում», «Վիքին սիրում է հուշարձանները»,«Վիքին սիրում է երկիրը» և այլն: Հանդիպման ընթացքում «Վիքիմեդիա Հայաստան»-ի ներկայացուցիչներն անդրադարձան նաև «Վիքիմեդիա» հիմնադրամի զարգացմանն ու դրա հեռանկարներին:
Ինչպես տեղեկացրեց «Գյումրի Վիքիակումբ» ծրագրի ղեկավար Կարեն Տերտերյանը, «Վիքիմեդիա Հայաստան»-ի, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ու «Գյուրու ինֆոտուն» ռեսուրս կենտրոնի աջակցությամբ մարտի 8-ից ապրիլի 13-ը Գյումրիում անցկացվել է «Վիքիակումբ Գյումրի» ծրագիր, որի նպատակը հանրապետության երկրորդ քաղաքում վիքիհամայնքի ու համագործակցության միջավայրի ձևավորումն էր: Ծրագրի շրջանակում անցկացվել են համացանցի, առցանց-կամավորության, վիքինախագծերի նպատակի, փիլիսոփայության, տեխնիկական կառուցվածքի, գործիքակազմի, համալրումներ ու խմբագրումներ կատարելու ձևերի, համացանցում որոնման հիմունքների, առցանց էթիկայի վերաբերյալ տեսագործնական դասընթացներ: Տասշաբաթյա դասընթացի մասնակիցներին հնարավորություն է տրվել ինքնուրույն գործունեություն ծավալել և օգնել այլ խմբագրերի: «Այս ընթացքում մոտ 15 երիտասարդ ու ավագ դպրոցներիի աշակերտներ ակտիվորեն մասնակցել են դասընթացներին: Իսկ նպատակը մեկն է ՝ Գյումրիում ունենալ ակտիվ վիքիհամայնք, որի անդամները ակտիվորեն կմասնակ ցեն վիքինախագծերին, ինչպես նաև իրենք էլ կկարողանան նոր մասնակիցներ ներգրավվել ծրագրում: Այսօրվանից արդեն հայտարարում ենք ակումբի ինքնուրույն գործունեության մասին. ակումբի անդամները կփորձեն այսուհետ ինքուրույն ծրագրեր իրականացնել, մենք էլ՝ երևանյան մասնագետների հետ, կփորձենք նրանց աջակցել»,- նշեց Կարեն Տերտերյանը՝ ավելացնելով, որ ցանկացած քաղաքացի, ով չունի համապատասխան գիտելիքներ, բայց ունի «Վիքի»-ի մասը կազմելու ցանկություն, ակումբի անդամների օգնությամբ կհամալրի ակումբի շարքերը: «Ակումբի կորիզն այս պահին կա, բայց վստահ եմ, որ այն հետագայում կհամալրվի»,- նշեց Կարեն Տերտերյանը:
Ընդհանուր առմամբ, «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպությունը նպատակ ունի ոչ միայն Երևանում, այլ նաև հանրապետության մյուս տարածքներում նմանատիպ վիքիակումբներ հիմնելու՝ վիքիմշակույթը տարածելու նպատակով: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց կազմակերպություն նախագահ Սուսաննա Մկրտչյանը: «Մեր նպատակը վիքիգործիքների տարածումն է Հայաստանում, ինչն էլ իր հերթին կնպաստի համացանցում հայերեն բովանդակության զարգացմանը»,-ավելացրեց Սուսաննա Մկրտչյանը:
Արմենուհի Մխոյան