Հայաստանի պատմության թանգարան կհանձնվեն հայ ազատագրական շարժման խորհրդանիշներից մեկի՝ Անդրանիկ Օզանյանի ձեռագրերի բնօրինակները: Ինչպես տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա ապրիլի 22-ին: Ձեռագրերը թանգարանին կհանձնի բրիտանահայ դոկտոր Հրաչ Կույումջյանը:
Առաքելությունը կիրականա ՀՀ մշակույթի նախարարության և Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության շնորհիվ:
Անդրանիկ Օզանյանը 1921 թվականին 65 էջից բաղկացած ձեռագրերը տպագրության համար ուղարկել է Փարիզի «Ապագա» ամսագրի գլխավոր խմբագիր Հովհաննես Պողոսյանին: 1960-ական թթ. Հ. Պողոսյանը ձեռագրերը հանձնել է Համբարձում Կույումջյանին՝ հնարավորության դեպքում Հայաստան փոխանցելու համար: 1988 թվականին` մահվանից երեք տարի առաջ, Հ. Կույումջյանը ձեռագրերը փոխանցել է որդուն` Հրաչ Կույումջյանին: Զորավարի ձեռագրերը Միացյալ Թագավորությունից տեղափոխվել են Ֆրանսիա, այնուհետև Լիբանան, Հունաստան և կրկին վերադարձվել Անգլիա:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել ձեռագրերը կրկնօրինակելու և Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանին ու Հայաստանի ազգային արխիվին ի պահ հանձնելու շուրջ: