Հայաստանի ազգային գրադարանը Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ մի շարք միջոցառումներ կանցկացնի: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանը: Ազգային գրադարանի տնօրենը տեղեկացրեց, որ այժմ գրադարանն այս ուղղությամբ ակտիվ գործունեություն է ծավալում:

 

«Գրականություն ենք գնում հատկապես «Amazon» կայքից` Հայոց ցեղասպանության վերաբերյալ: Նախատեսում ենք մեծ ցուցադրություն կազմակերպել «Ցեղասպանությունը տպագիր մամուլում» խորագրով: Աշխատում ենք ձեռք բերել այն, ինչ հնարավոր է: Կդիմենք նաև դեսպանատներին, որպեսզի նրանք էլ միջոցառումների մեկնարկին իրենց հետ գրականություն բերեն, որը կմնա Ազգային գրադարանում»,- նշեց Տիգրան Զարգարյանը:

 

Ազգային գրադարանի տնօրենը տեղեկացրեց նաև, որ մատենագիտական աշխատանքներ են նախաձեռնում Ցեղասպանության թեմայով:

 

«Ցեղասպանության վերաբերյալ մամուլի` հիմնականում ամերիկյան ԶԼՄ-ների` «Նյու Յորք թայմս», «Վաշինգտոն փոստ» և այլն, արձագանքների մասին շտեմարան ենք պատրաստում: Մեր հավաքածուներում էլ ունենք նյութեր, որոնք նկարահանում ենք և տեղադրում կայքում»,-հավելեց Զարգարյանը:

 

Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Օսմանյան կայսրությունում ապրում էին երկու միլիոնից ավելի հայեր: Շուրջ մեկուկես միլիոն հայ սպանվեց 1915-1923թթ. ժամանակահատվածում, իսկ մնացածները կամ բռնի մահմեդականացվեցին, կամ ապաստանեցին աշխարհի տարբեր երկրներում: 1915թ. ապրիլի 24-ին սկիզբ առած ձերբակալություններով (հիմնականում` Օսմանյան կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլսում) և դրան հետևած հարյուրավոր հայ մտավորականների ոչնչացումով սկսվեց հայ բնակչության բնաջնջման առաջին փուլը: Հետագայում աշխարհասփյուռ հայերը ապրիլի 24-ը սկսեցին նշել որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր: