Գեղարքունիքի մարզի Ճամբարակի քաղաքապետարանի դահլիճում, «Խոսենք տիկնիկների միջոցով» ծրագրի շրջանակներում ներկայացվեց Հովհ. Թումանյանի «Կիկոսի մահը» տիկնիկային ներկայացում-մյուզիքլը՝ «Արեգ» տիկնիկային թատրոնի բեմադրությամբ: Դահլիճը լեփ-լեցուն էր ոչ միայն Ճամբարակ քաղաքի, այլև տարածաշրջանի գյուղերից եկած մարդկանցով:

 

Միջոցառմանը ներկա էին քաղաքի գրեթե բոլոր կառույցների ներկայացուցիչները, դպրոցների, մանկապարտեզների երեխաները, մշակութային գործիչներ` ՀՀ Մշակույթի նախարարության ժամանակակից արվեստների բաժնի ղեկավար Վարդան Գրիգորյանը և Հովհ. Թումանյանի անվան տինիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը:

 

Ներկայացումը կազմակերպվել էր «Արեգունի» սոցիալական զարգացման հասարակական կազմակերպության կողմից` «Հավասար հնարավորություններ ազգային փոքրամասնությունների և խոցելի խմբերի մշակութային իրավունքների իրագործման համար. հարստություն բազմազանության միջոցով» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի (ՔԶՀՀ), «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման կազմակերպության« Ուկրաինայի «ԳՈՒՐՏ Ռեսուրս Կենտրոն»-ի կողմից՝ Եվրոպական Միության ֆինանսական աջակցությամբ: Ծրագրի նպատակն է ապահովել մշակութային բազմազանությունը և աջակցել ազգային փոքրամասնությունների մշակույթի պահպանմանը` հզորացնելով Հայաստանում և Ուկրաինայում տեղական ինքնակառավարման մարմինների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և մշակութային կառույցների ղեկավարների կարողությունները:

 

Ապրիլի 25-ին «Արեգ» տիկնիկային թատրոնը կներկայացնի «Գյուղացին, արջը և աղվեսը» ռուսական ժողվրդական հեքիաթ- մյուզիքլը` սինթեզված Ճամբարակ քաղաքի հիմնադրման 174-ամյա պատմությանը:

 

Խոսորվ Խլղաթյան