Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում կկայանա «Առաջին համաշխարհային պատերազմ. դաշնակիցներ, կերպարներ, կոտորածներ» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը: Ցուցադրության ժամանակ կներկայացվեն մինչ օրս անհայտ հարյուրավոր բնօրինակ նմուշներ` ծաղրանկարներ, փոստային բացիկներ, պաստառներ և այլ նյութեր, որոնք տարբեր պատկերագրական ներկայացումներով դատապարտում են Թուրքիան որպես ցեղասպանություն իրագործած երկիր:
Առաջին աշխարհամարտի տարիներին և դրանից հետո հայերի դեմ թուրքական կառավարության կողմից իրագործված զանգվածային կոտորածները որակվեցին որպես «մարդկության և քաղաքակրթության դեմ ուղղված հանցագործություն»: Երիտթուրքերի ցեղասպան քաղաքականությունը դատապարտվեց բազմաթիվ երկրների կառավարությունների, կազմակերպությունների և անհատ գործիչների կողմից: Տարբեր երկրների մամուլի էջերում, ի թիվս բազմահազար հրապարակումների, տպագրվեցին նաև տարաբնույթ ծաղրանկարներ, թողարկվեցին հարյուրավոր քարոզչական բացիկներ և պաստառներ, որոնց բովանդակությունը խոսուն վկայություն է Առաջին աշխարհամարտի տարիներին թուրքական կառավարության կողմից իրագործված ցեղասպանության և դրա դատապարտման մասին:
Ցուցահանդեսը կբացվի ապրիլի 21-ին` ժամը 10:00-ին, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ժամանակավոր ցուցադրությունների սրահում: Մուտքն ազատ է: