Հանգիստ բնավորություն ուներ, լուռ էր, ինքնամփոփ, սիրտը ընկերների մոտ էր բացում: Այս խոսքերով է բնորոշում հորը հայ մեծանուն բանաստեղծ Համո Սահյանի որդին` Նաիրի Սահյանը:

 

Լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ արդեն 20 տարի է, ինչ հայրը կենդանի չէ, ինչն իրեն ցավ է պատճառում: Բանաստեղծի ժառանգը ժպիտով է հիշում հոր և Պարույր Սևակի հանդիպումներն իրենց տանը:

 

«Շատ լավ հիշողություններ ունեմ, երբ գիշերներն իրար հետ նստում էին, և այդ զրույցները դասընթաց էին հասարակ մարդու համար: Երկուսն էլ խոր, շատ խոր էին: Սևակը բառի լավ իմաստով «խելագար» էր, և մեկ-մեկ պայթում էր և գիշերը մինչև ժամը երեքը բարձր-բարձր բղավում էին, մինչ առավոտ զրուցում: Այդ ջերմությունը մինչև հիմա զգում եմ, բախտս բերել է»,- պատմում է Նաիրի Սահյանը:

 

Նրա գնահատմամբ, ի տարբերություն Սևակի, հայրն ավելի լուռ էր, քիչ էր խոսում:

 

«Նրա կողքին լինելն արդեն և’ խորհուրդ էր, և’ դաստիարակություն: Իր կեցվածքը, աուրան, ոչ միայն ինձ, այլև հազարավոր մարդկանց էր պարուրում, այդպիսին էր ծնվել այդ մարդը»,- հիշում է բանաստեղծի որդին:

 

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք փորձե՞լ է ինքն էլ երբևէ գրել, նա նշեց, որ իր գործերի երկու գրքույկ են լույս տեսել, որոնց հրատարակման հարցում ինքը խորհրդակցել է շատ մարդկանց հետ, որպեսզի և ոչ մի բիծ չթողնի հոր անվան վրա:

 

«Մի անգամ փոքր երեխա էի, մայրիկիս կարդացի, նա ասաց. «Հորդ կարդա»: Կարդացի, հայրս լռեց, ծխեց, հետո ասաց. «Էլ մի գրի»,- անկեղծացավ Նաիրի Սահյանը, ում կարծիքով այսօր բավականաչափ քայլեր ձեռնարկվում են Սահյանի թողած ժառանգությունը սերունդներին հասանելի դարձնելու ուղղությամբ, սակայն անհրաժեշտ է, որ սերունդը դա ցանկանա:

 

«Շչորս Դավթյանը մեծ աշխատանք է անում Սահյանի արվեստի պահպանման և պրոպագանդման ուղղությամբ: Ժողովուրդն ինքը պետք է ձգտի, ինքը պետք է կարդա, եթե ձգտում չլինի, գրականությունն այն բանը չէ, որ զոռով ստիպես, որ կարդան: Առավել ևս կարդան և խորը ընկալեն»,- հավելեց Սահյանի ժառանգը:

 

Հայ ականավոր բանաստեղծ Համո Սահյանի 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումները մեկնարկեցին բանաստեղծի ծննդյան օրը` ապրիլի 14-ին Կոմիտասի անվան պանթեոնում՝ բանաստեղծի շիրմին ծաղկեդրման և հարգանքի տուրքի մատուցման արարողությունով:

 

Համո Սահյանի 100-ամյակի միջոցառումները նախապատրաստող կառավարական հանձնաժողովը տեղեկացրել է, որ համաձայն հաստատված ժամանակացույցի` ապրիլի 15-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա մեծ բանաստեղծի 100-ամյակին նվիրված հոբելյանական երեկո: Պետական պատվերով կհրատարակվեն Սահյանի ստեղծագործությունների քառահատորյակը և կթողարկվի բանաստեղծությունների խտասկավառակը: ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ «Շողակաթ» հեռուստաընկերությունը կնկարահանի «Համո Սահյան. քարափներից` երկինք» երկմասանի հեռուստաֆիլմը:

 

ՀՀ նախագահի հանձնարարությամբ Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի կողմից իրականացվել են Սյունիքի մարզի Լոր գյուղում գտնվող բանաստեղծի տան վերանորոգման աշխատանքները: Տուն-թանգարանի բացումից հետո կգործի նաև մշտական ցուցադրությունը: Տուն-թանգարանի բակում նախատեսվում է տեղադրել քանդակագործ Գետիկ Բաղդասարյանի հեղինակած` մեծանուն բանաստեղծի կիսանդրին:


2014 թվականի ընթացքում Երևանի, Սյունիքի և հանրապետության այլ մարզերի գրադարաններում, մշակույթի տներում, բարձրագույն ուսումնական հաստատություններում և դպրոցներում տեղի կունենան պոեզիայի երեկոներ, սահյանական ընթեցումներ, գիտաժողովներ, թեմատիկ ցուցահանդեսներ, շարադրությունների և ասմունքի մրցույթներ և այլ միջոցառումներ` նվիրված մեծ բանաստեղծի 100-ամյա հոբելյանին: