Այսօր` Ավագ շաբաթվա առաջին օրը, Հայ Առաքելական եկեղեցին նշում է Ծաղկազարդը: Այն խորհրդանշում է արարչության առաջին օրը, երբ Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը, և լույսը տարածվելով՝ հալածեց խավարը:
Ծաղկազարդի օրը՝ հրեական Զատկից հինգ օր առաջ, Քրիստոսն Իր կամքով եկավ Երուսաղեմ՝ Իր չարչարանքների վայրը, որպեսզի ցույց տա, որ Ինքն է Աստծու Գառը, Ով կամենում է պատարագվել մեր փրկության համար: Քանզի, ըստ Օրենքի, հրեաները զատկական գառը Զատկի տոնից հինգ օր առաջ էին տուն տանում:
Ծաղկազարդի կիրակին խորհրդանշում է նաև Տիրոջ Երկրորդ գալուստը. երբ Տերը մտավ Երուսաղեմ, ամբողջ քաղաքը դղրդաց, և մարդիկ, արմավենիների ճյուղեր վերցնելով, Հիսուսին ընդառաջ ելան. «Երբ Երուսաղեմին մոտեցան և եկան Բեթփագե, Ձիթենյաց լերան մոտ, այն ժամանակ Հիսուս Իր աշակերտներից երկուսին ուղարկեց ու նրանց ասաց. «Գնացե՛ք այդ գյուղը, որ ձեր դիմացն է, և այնտեղ կգտնեք կապված մի էշ եւ նրա հետ՝ մի քուռակ. արձակեցե՛ք բերէք Ինձ: Եվ եթե մէկը ձեզ բան ասի, կասէք, որ Տիրոջը պետք են. և նա իսկոյն դրանք կուղարկի» (Մատթ. ԻԱ 2-3):
Բայց այս բոլորը եղավ, որպեսզի կատարվի մարգարեի խոսքը, որ ասում է. «Ասացե՛ք Սիոնի դստերը, ահա դեպի քեզ է գալիս քո Թագավորը՝ հեզ եւ նստած էշի ու էշի քուռակի վրայ» (Զաք. Թ 9): Աշակերտները գնացին եւ արեցին, ինչպես Հիսուս իրենց հրամայել էր. և էշն ու քուռակը բերեցին, նրանց վրա զգեստներ գցեցին. և Նա նստեց դրանց վրա: Եւ բազում ժողովուրդ իրենց զգեստները փռեցին ճանապարհի վրա, իսկ ուրիշներ ծառերից ճյուղեր էին կտրում ու սփռում ճանապարհի վրա: Առջևից եւ ետևից գնացող ժողովրդի բազմությունը աղաղակում էր ու ասում. Օրհնություն Դավթի Որդուն, օրհնյա՜լ է Նա, որ գալիս է Տիրոջ Անունով, օրհնություն՝ բարձունքներում» (Մատթ. ԻԱ 4-10): Սա խորհրդանշում է գերեզմանից մեռելների ելնելը և Տիրոջն ընդառաջ գնալը: Արմավենիներով ընդառաջ ելնելը խորհրդանշում է սրբերի ընդառաջ ելնելը Տիրոջը՝ յուրաքանչյուրն իր բարի գործերն ունենալով իր ձեռքում:
Ծաղկազարդի օրը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրամանով հայտարարված է մանուկների օրհնության օր. մանուկներն էին, որ Երուսաղեմի տաճարում Տիրոջը ոսղջունեցին՝ աղաղակելով. «Օրհնութի՜ւն Դավթի որդուն» (Մատթ. ԻԱ 15):