Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնում, ապրիլի 11-ին տեղի ունեցավ Նանե Բագրատունու «Քեսաբ» ֆիլմաշարի առաջին մասի ցուցադրությունը, որը կազմակերպվել էր «Մեդիա կենտրոն»-ի նախաձեռնությամբ:

 

Ներկայացնելով ֆիլմաշարը` «Մեդիա կենտրոն» նախագծի համակարգող Աղավնի Եղիազարյանը նշեց, որ Քեսաբում մարտի 21-ին կազմակերպված տեղահանությունը եղավ պատճառը, որ նախաձեռնվեց ֆիլմի բացառիկ ցուցադրությունը՝ նախ Երևանում, ապա` Գյումրիում: «Սա քեսաբի իրական վավերագրությունն է և ամենաթարմն է, որ մենք ունենք Քեսաբից: Այս ֆիլմը Երևանում և մարզերում ցուցադրելով` փորձում ենք քաղաքացիներին ցուցադրել Քեսաբն, ինչպիսին այն կա: Հաճախ այն գաղթօջախ է համարվում, բայց սա այն վավերագրությունն է, որը պատմում է, որ սա գաղթօջախ չէ, այլ Կիլիկյան Հայաստանի մի մասն է, որը միշտ հայաբնակ է եղել: Սա ֆիլմաշարի առաջին մասն է, որն ավելի շատ վավերագրական ակնարկ է: Կան բավական մեծ չօգտագործված նյութեր, որոնք հետագայում ֆիլմաշարի հաջորդ ֆիլմերում տեղ կգտնեն»,- նշեց Աղավնի Եղիազարյանը:

 

Ֆիլմը ներկայացնում է Սիրիայի և Թուրքիայի սահմանի, Միջերկրական ծովի ափին գտնվող հին հայկական բնակավայրի՝ Քեսաբի իրական պատմությունը: Ֆիլմում ներկայացված է քեսաբցու կյանքը, ազգային ինքնագիտակցությունն ու մշակութային առանձնահատկությունները, Քեսաբի հայկական մշակույթը՝ թուրքական պետության եռակողմանի հարևանությամբ, արաբների հետ համակեցությամբ: Ֆիլմի հերոսները հենց տեղաբնակներ են՝ Քեսաբի բնակիչները, ովքեր իրենք են ներկայացնում իրենց կյանքը, բնակավայրի պատմությունը:

 

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Նանե Բագրատունին նշեց, որ ֆիլմը նկարահանվել է 2009-2010 թվականներին՝ Մխիթարյան միաբանության վարդապետ Հայր Համազասպ Քեշիշյանի հետ ծանոթանալուց հետո: «Առհասարակ, Քեսաբը շատ հոգևորականներ է ծնել՝ այդ թվում նաև երջանկահիշատակ Գարեգին վեհափառը: Սա իմ ունեցած միակ տեղեկատվությունն էր Քեսաբի մասին: Ես հասկացա, որ Քեսաբը չուսումնասիրված մի երևույթ է: Հայր Համազասպ Քեշիշյանի աջակցությամբ գտանք հովանավորներ և մեկնեցինք Քեսաբ: Նկարահանումերը տևեցին 14 օր: Նախնական որոշմամբ` ֆիլմը պետք է 45 րոպե լիներ, բայց հասկացանք, որ մեղք կլինի այդ հրաշալի նյութն ամբողջությամբ չներկայացնել, և թողարկեցինք 3 տեսաերիզ՝ 1 փաթեթով»,- նշեց ֆիլմի ռեժիսորն ու հեղինակն՝ ավելացնելով, որ առաջիկա ամիսներին կլինեն նաև ֆիլմաշարի հաջորդ ֆիլմերը:

 

Ավելացնենք, որ ցուցադրությանը հաջորդեց քննարկում, որի ընթացքում ֆիլմի ռեժիսոր Նանե Բագրատունին և քեսաբցի Յակոբ Քորթմոսեանը պատասխանեցին գյումրեցիների հարցերին:

 

Արմենուհի Մխոյան