Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի նոր նախագիծ «Դիսնեյ նոն-ստոպ» (Disney Non-Stop) համերգային ծրագրի տոմսերը վաճառքում կհայտնվեն ապրիլի վերջին: Այս մասին հայտնեց նվագախմբի տնօրեն Աննա Տեր-Հովակիմյանը:

 

Մայիսի 30-ին, 31-ին և հունիսի 1-ին կայանալիք երեք համերգների ընթացքում Ալ. Սպենդիարյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում նվագախումբը «Դիսնեյ նոն-ստոպ» խորագրով երեք համերգների ընթացքում կկատարի հայտնի և սիրելի մուլտֆիլմերի սաունդթրեքները: Մեծ էկրանին կցուցադրվեն հատվածներ այդ մուլտֆիլմերից: Ներկայում Երիտասարդական նվագախումբը հստակեցնում է մուլտֆիլմերի ցանկը: Նախքան ստեղծագործությունների ցանկի վերջնական հաստատումը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի օգտատերերը կարող էին դառնալ մուլտֆիլմերի ընտրության մասնակիցներ:

 

Նոր համերգաշարը «Հոլիվուդ նոն-ստոպ» համերգաշարի շարունակությունն է, որը մեկնարկել էր 2012 թվականին և ներկայացվել երևանյան 8 բուհում, որտեղ ավելի քան 6000 ուսանող ունկնդրել է հոլիվուդյան ֆիլմերի երաժշտությունը։ 2013 թվականին «Հոլիվուդ նոն-ստոպ»-ը ներկայացվել է նաև հանրապետության մարզերում, մասնավորապես՝ Գյումրիում, Վանաձորում, Եղեգնաձորում, Արտաշատում։ Այս քաղաքներում հանդիսատեսը մեծ ոգևորությամբ է ընդունել Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի ելույթները՝ բարձր գնահատելով ինչպես հոլիվուդյան ֆիլմերի մեղեդիների կատարումները, այնպես էլ դասական երաժշտությունը մարզերում ներկայացնելու Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի ջանքերը։