Esem.am-ը գրում է.
«Ես ուզում եմ մարդկանց ժպիտով լուրջ բաներ ասել»,- ասում էր հայ կինոյի և թատրոնի մեծ վարպետ Ֆրունզիկ Մկրտչյանը: Հաճախ կատակերգական դերերով հանդես եկող, սակայն դրամատիկական դերերի մասին երազող Մհեր Մկրտչյանը ճակատագրի հեգնանքով ամենատխուր և դրամատիկ դերը խաղաց իրական կյանքում: Ուրախ-տխուր մարդուն կյանքը դեռ մանկուց էր հարվածներ հասցրել: Փոքրիկ Ֆրունզիկին մշտապես ուղեկցում էր միայնության զգացումը: Նրա ծնողներն աշխատում էին, իսկ քույրն ու եղբայրը փոքր էին, և Մհերը չէր կարողանում նրանց հետ շփվել, ինչպես հավասարը հավասարի հետ: Նա պատուհանից հետևում էր հասակակիցների խաղին, սակայն բակ չէր իջնում. ապագա մեծ դերասանի թաղամասում խուլիգանները շատ էին, իսկ նրա արտաքին տեսքը, մասնավորապես շատ մեծ քիթը, հաճախ էր դառնում շրջապատի ծաղրի առարկան: Նրա վրա հաճախ էին ֆիզիկական ուժ գործադրում, իսկ Ֆրունզիկն այնքան ուժեղ չէր, որ հակահարված տար: Բնությունը նրան այլ բանով էր օժտել. նա դերասանական մեծ շնորհք ուներ և ապագայում պետք է դառնար իր ազգի պարծանքը: Տասը տարեկանում Ֆրունզիկը գնաց Գյումրու թատրոն, որտեղ էլ գտավ ինքն իրեն: Մեծ դերասանի եղբայրը` ռեժիսոր, կինոօպերատոր Ալբերտ Մկրտչյանը, պատմում է, որ եղբայրը ոչ մանկություն ունեցավ, ոչ էլ պատանեկություն, քանի որ նրա ընկերները տարիքով մեծ էին:
Գյումրիում դերասանը սովորել է նկարչական ու երաժշտական դպրոցներում, միաժամանակ հաճախել է թատերական ինքնագործ խմբակ: 1945-46 թթ. սովորել է Մռավյանի անվան թատրոնին կից ստուդիայում, որն ավարտելուց հետո ընդգրկվել է նույն թատրոնի հիմնական խմբում: Այս թատրոնում Մհերը խաղացել է տասնյակից ավելի մեծ ու փոքր դերեր` ցուցաբերելով իր տարիքին անհամապատասխան վարպետություն: 1959թ. ռեժիսոր Համասի Մարտիրոսյանը նրան հրավիրեց նկարահանվելու «01-99¦ կարճամետրաժ ֆիլմում, որտեղ Մհերի ստեղծած կերպարը հանդիսատեսը չի մոռանում մինչ օրս: Բարձր մասնագիտացումը, կերպարին ազգային դիմագիծ հաղորդելու կարողությունը, էկրանի ճշմարիտ զգացողությունն ու շատ այլ հատկանիշներ Մհեր Մկրտչյանին հնարավորություն տվեցին դառնալու կինոարվեստի ամենաինքնատիպ դերասաններից մեկը: Հայկական և սովետական կինոյում կոմիկ դերեր խաղացող դերասանը երազում էր, որ կինոյում իրեն կվստահեն դրամատիկական և գլխավոր դեր. չէ՞ որ թատրոնում նա արդեն վաղուց մարմնավորում էր Օթելլոյին:
Շարունակությունը` այստեղ: