Տարածված համոզմունքը, երբ մարդը փախցնում է հայացքը, ապա նա սուտ է խոսում, միֆ է, որը վերջերս վերջնականապես հերքվեց:

 

Նման դեպքերում մարդը միգուցե ստի, միգուցե չստի, բայց, ամեն դեպքում, փախչող հայացքից դուք հաստատուն ոչինչ չեք իմանա:

 

Հոգեբան Ռիչարդ Ուայզմանը երկու փուլից բաղկացած մի փորձ է անց կացրել, որի առաջին փուլում փորձի մասնակիցների մի խմբին խնդրել են ստել' ասելով, որ բջջային հեռախոսը դրել են սեղանի տակի արկղում, այն ժամանակ, երբ հեռախոսը գտնվում էր իրենց գրպանում: Իսկ երկրորդ խմբի մասնակիցներին խնդրել են դնել հեռախոսն արկղում և ասել ճիշտը: Այս ամենը ձայնագրվում էր տեսախցիկներով, և փորձից հետո Ուայզմանն այդ ձայնագրությունների միջոցով վեր է լուծում մարդկանց վարքը:

 

Փորձի երկրորդ փուլում Ուայզմանն ուսումնասիրում է ոստիկանության բաժանմունքներում և դատարաններում ապացուցված կեղծ ցուցմունքներ տալու դեպքերի ձայնագրությունները: Փորձի երկու փուլերում էլ հնարավոր չի լինում որևէ կապ գտնել ստի և «փախչող» հայացքի միջև: Ինչպես նաև չեն նկատվել դեպքեր, երբ ստախոսն ավելի հաճախ է նայում աջ կամ ձախ:

 

Ընդհանրապես միֆերն ու կարծրատիպերը հաճախ են դժվարեցնում իրականության ընկալումը: Օրինակ` մի փոքրիկ փորձարկում էլ կարող եք անել ինքներդ. փորձեք ստել մեկին` գիտակցված նայելով նրա աչքերին: Եթե դիմացինը հավատում է, որ ճիշտը խոսելուց մարդիկ անպայման նայում են աչքերի մեջ, ապա, ամենայն հավանականությամբ, ձեր սուտը նա կընդունի ճշմարտության տեղ: