«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի գլխավոր տնօրեն, ճանաչված ռեժիսոր Հարություն Խաչատրյանը մարտի 12-ին Aravot.am-ի հետ զրույցում հայտնեց, որ փառատոնը այս տարի լայնորեն կանդրադառնա Սերգեյ Փարաջանովի ծննդյան 90-ամյակին: «Փարաջանովը մեծ արվեստագետ է, համաշխարհային երեւույթ , բայց ուզում եմ շատ կարեւորել նաեւ այն, որ ինքը հայ է, հայկական արվեստից է գալիս, հայկական հիմքերից սերում, աշուղական երգերից ու Սայաթ Նովայից: Ամեն ազգ ուզում է նրան սեփականաշնորհել, Մոսկվայում Փարաջանովի երեկոն անում են վրացիները, Կաննի երեկոն՝ ուկրաինացիները, իսկ հայերը, դժբախտաբար, հայերը էշի ականջում քնած են»,-փաստեց պարոն Խաչատրյանը:
Նա կարեւորելով Փարաջանովի տուն-թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանի՝ արվեստագետին մշտապես հիշելու ջանքերը, հավելեց, որ հիմնական միջոցառումները կկայանան ամռանը՝ «Ոսկե ծիրանի» ժամանակ: Հարություն Խաչատրյանի խոսքով, Փարաջանովին նվիրված 4 ծրագիր կա՝ կցուցադրվեն նրա բոլոր ֆիլմերը, Ուկրաինայի պոետիկ կինոն՝ Դովժենկոյից մինչեւ Բալայան, նախատեսված են ֆիլմեր՝ Փարաջանովի մասին: «Ունենք այն ռեժիսորների ցուցակը, որոնց սիրել է Փարաջանովը, սովորել եւ ընկերություն արել՝ Պազոլինի, Տարկովսկի, Նաումով, Կիրա Մուրատովա: Նաեւ կլոր սեղան կկազմակերպենք տարբեր ազգերի համար իր թողած արժեքների մասին…Պետք է ազգի հիշողության մեջ մեկընդմիշտ մեխել, ու հպարտանալ, որ Սերգեյ Փարաջանովը հայ է»,-նշեց «ոսկե ծիրանի» գլխավոր տնօրենը:
Շարունակությունը` այստեղ: