Մարտին Փարը բրիտանացի ոչ միօրինակ մի ֆոտոլրագրող է, ում աշխարհայացքը տարբերվում է որոշակի հեգնականությամբ, իսկ գեղարվեստական ոճը` սադրիչ բնույթով: Նրա ֆոտոռեպորտաժներում չկան ո՜չ պատերազմներ, ո՜չ աղետալի դեպքեր, ո՜չ գլամուր, ո՜չ բնության գեղեցկություններ և այլ ազդեցիկ թեմաներ, որոնք կանխատեսվող հուզական արձագանք են առաջացնում դիտողի մոտ: Մարտին Փարի հետազոտության առարկան միջին խավի ներկայացուցիչների առօրյա կյանքն է: Նշենք, որ Մարտին Փարն աշխարհի ամենահեղինակավոր ֆոտոգործակալության` "Magnum photo"-ի անդամ է, որի հիմնադիրն ինքը` Կարտյե Բրեսոնն է:
1995 թվականի ամռանը բրիտանացի լուսանկարիչը եղել է Յալթայում, որին ինքն իր համար անվանել է «Ռուսական Ռիվերա»: Եվ այս շարքում կտեսնեք այն ամբողջ բազմազանությունը, որը կարող էր զբոսաշրջիկին առաջարկել գրեթե 20-ամյա վաղեմության Յալթան` Ղրիմի ծովափերը, առափնյա հատվածի աղմուկը, կիսամերկ աղջիկները, Բրեժնևի ամառանոցը, տեղի ավազակները, հանգստյան տները և ընտանեկան հանդարտ հանգիստը: