Doctors.am-ը գրում է.

 

Առողջապահության համաշխարհային կազմակերպության որոշմամբ այսօր՝ մարտի 3-ին, նշվում է Ականջի և լսողության պահպանման միջազգային օրը:

Այսօր տարբեր երկրների բժշկական և կամավորական կազմակերպություններն այնպիսի միջոցառումներ են անցկացնում, որոնք նպաստում են, որ բնակչության իրազեկվածությունը՝ կապված լսողության հնարավոր խնդիրներին, բարձրանա:

Ականջները լսողության օրգաններն են. դրանց միջոցով ընկալվում են ձայնային ազդանշանները: Լսողության օրգանի տեսանելի մասը կոչվում է արտաքին ականջ կամ ականջախեցի: Այն մաշկով պատված աճառային թիթեղ է, որի միայն ականջաբլթակ կոչվող մասն է աճառազուրկ: Ականջի ձագարաձևության շնորհիվ այն հավաքում է ձայնային ալիքները և արտաքին լսողական անցուղիով դրանք ուղղում անցուղու վերջում գտնվող հատուկ թաղանթի՝ թմբկաթաղանթի վրա:

Թմբկաթաղանթի տատանումները հաղորդվում են նրան միացած լսողական 3 փոքրիկ ոսկրիկներին (մուրճ, սալ, ասպանդակ), որոնք սկսում են թրթռալ: Թրթռումների շնորհիվ ներքին ականջի մաս կազմող ականջախխունջում պարունակվող հեղուկը շարժման մեջ է դրվում: Խխունջի մեջ կան մազիկներով պատված զգացող բջիջներ, որոնք գլխուղեղ են ուղարկում ձայնային ազդակներ: Երեվույթների այսպիսի հաջորդականությունը հանգեցնում է այն բանին, որ մարդ կարողանում է լսել տարբեր ձայներ, այդ թվում՝ խոսքը և երաժշտությունը, տարբերել նրանց ուժգնությունը:

Ձայնի աղբյուրից հեռու գտնվող ականջում ձայնի ազդեցությունը համեմատաբար թույլ է լսվում: Ամենացածր ձայները, որոնք կարող է մարդը ընկալել, առաջանում են վայրկյանում 20 տատանումից, ամենաբարձրը՝ 20 հզ. տատանումից:

Ներքին ականջը (կոչվում է նաև լաբիրինթոս), բացի լսողությունից, կարևոր դեր է կատարում նաև հավասարակշռության զգացողության մեջ. գլխի դիրքի նույնիսկ չնչին փոփոխության դեպքում ներքին ականջում գտնվող 3 կիսաբոլոր խողովակներում պարունակվող հեղուկում առաջացած շարժումներն ընկալվում են նյարդային բջիջների կողմից, որոնք տեղեկություն են ուղարկում գլխուղեղ: Առանց այդ տեղեկությունն ընկալելու մարդը չի կարող քայլել: Արտաքին լսողական անցուղին պատված է մաշկով, որն ունի նուրբ մազեր և դեղնադարչնագույն ականջածծումբ արտադրող ճարպագեղձեր: Վերջիններիս արտազատուկն ունի պաշտպանական նշանակություն. այն իր վրա է հավաքում ականջն ընկած մանրէներն ու տարատեսակ կեղտը:

 

Շարունակությունը` այստեղ: