Օպերային երգիչ Արման Նշանյանը նոր տեսահոլովակ է նկարահանել: «Մենության գիշեր» անունը կրող երգը յուրօրինակ աղոթք է' «Հայր մեր»: Ստեղծագործության երաժշտության հեղինակը Լիանա Անդրեասյանն է: Այն գրվել է բանաստեղծ Արտակ Համբարձումյանի ստեղծագործության հիման վրա: Այս տեսահոլովակում դերասան և երգիչ Արման Նշանյանը ներկայանում է չորս տարբեր կերպարներով: Չորս հերոսները տարբեր խավերի մարդիկ են և բոլորն էլ իրե նց փրկությունը տեսնում են եկեղեցում: Տեսահոլովակն առաջին անգամ ներկայացվեց հանրությանը մարտի 3-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում: «Այս գործն, այսպես ասած, մենախոսություն է: Հավատն իմ կյանքում առաջնային դեր ունի, ես հավատով եմ առաջնորդվում: Կարծում եմ, որ եթե չկա հավատ, ապա գոյություն ունի վախ: Եթե առաջնորդվում ես վախով, չես կարող կյանքում ճիշտ ճանապարհով առաջ գնալու համար ճիշտ որոշումներ կատարել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ' նշեց Արմա ն Նշանյանը:
Երգիչը նաև տեսահոլովակի ռեժիսորն է: Երբեմն երգը ձայնագրելիս տեսնում է նաև տեսահոլովակը, սակայն միշտ չէ, որ այդպես է ստացվում: ««Հայր մերն» անհատական է բոլորի համար, ես արել եմ այն իմ ձևով' ցույց տալով, որ Հայ Առաքելական եկեղեցու շնորհիվ կարող ես գտնել հավատ'վերացնելով վախը, և գնալ դեպի եկեղեցի»,-հավելեց Նշանյանը:
Շնորհանդեսին բացման խոսքով հանդես եկավ նաև Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը: «Ամենակարևորը, որ հոգին վերջիվերջո վերադառնում է Աստծուն: Չորս կերպարների մեջ ամենաշատը դա է համոզում' ինքը և իր առաքելությունը, իր ձայնը և իր կերպարը, որոնք ամբողջությամբ մեկ նպատակ են հետապնդում' բոլոր ճանապարհները տանում են դեպի Աստված»,-շնորհավորելով երգչին' նշեց տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը:
Առաջին ակնդիրները մեծ ոգևորությամբ և ծափողջուններով ընդունեցին նոր տեսահոլովակը: