Անվանի կինոռեժիսոր, բեմադրիչ Ալբերտ Մկրտչյանը նշում է իր ծննդյան տարեդարձը: Դերասան Մհեր Մկրտչյանի եղբայրը փետրվարի 27-ին դարձավ 77 տարեկան:
Ալբերտ Մկրտչյանը ծնվել է 1937թ. փետրվարի 27-ին, Լենինականում: 1960 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական, այնուհետև Մոսկվայի Կինեմատոգրաֆիայի ինստիտուտի ռեժիսորական բաժինները: 1971թվականից եղել է «Հայֆիլմ» կինոստուդիայի ռեժիսոր: 2003-ից Երևանի «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի տնօրենն ու գեղարվեստական ղեկավարն է: 1980-2001թթ. դասավանդել է Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում, ԵԹԿՊԻ-ում: Ռեժիսորի ամենահայտնի «գործերն են «Հին օրերի երգը», «Մեր մանկության տանգոն», «Ուրախ ավտոբուս» կինոնկարները:
2000 թվականի պարգևատրվել է ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալով: 2003-ին արժանացել է ՀՀ ժողովրդական արտիստի կոչման: «Հայակ» հայկական ամենամյա առաջին կինոմրցանակաբաշխության Հատուկ մրցանակի դափնեկիր է: