«Սովորական ցեղասպանություն» նախագծի շնորհիվ մարտի վերջին լույս կտեսնի Սումգայիթյան ողբերգական դեպքերի ականատեսների վկայություններն ամփոփող գրքի երկրորդ հատորը:

 

Փետրվարի 26-ին հրավիրված ասուլիսում նախագծի ղեկավար Մարինա Գրիգորյանը պատմեց, որ նախորդ տարի վերահրատարակվել էր 1989 թվականին Սամվել Շահմուրադյանի հրատարակած «Սումգայիթի ողբերգությունը ականատեսների վկայություններով» ժողովածուն, ով փախստականների' Հայաստան ժամանելուց անմիջապես հետո գրի էր առել նրանց հիշողությունները, սակայն չէր հասցրել հրատարակել գրքի երկրորդ և երրորդ հատորները:

 

«Մեր նախագիծն իրականացվում է ՀՀ նախագահի աշխատակազմի հանրայն կապերի և տեղակատվության կենտրոնի կողմից, և մեր հիմնական նպատակն է զբաղվել սումգայիթյան ջարդերի ուսումնասիրությամբ, ֆիլմերի նկարահանմամբ և կայքերի ստեղծմամբ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Գրիգորյանը:

Նրա խոսքով, «Սումգայիթի ողբերգությունը ականատեսների վկայություններով» գրքի թարգմանվել է ինը լեզվով: Գրքի երկրորդ հատորում ևս կներկայացվեն ականատեսների բացառիկ վկայություններ:

 

«Այդ վկայությունները կարդալիս հետաքրքիր մանրամասներ ենք իմանում, որոնք մինչև օրս մեզ հայտնի չեն եղել: Ընդունված է մտածել, որ այդ սումգայիթյան ջարդերը կատարվել են փետրվարի 25-29-ն ընկած ժամանակահատվածում, սակայն մարդկանց վկայությունները ցույց են տալիս, որ այդ գործողությունեները շարունակվել են ընդհուպ մինչև ապրիլ»,- ընդգծեց Գրիգորյանը:

 

Նա նշեց, որ գրքում տեղ են գտել ոչ միայն հայ, այլև լեհ, ռուս ականատեսների վկայություններ, որոնք պատմել են իրենց հարազատների դաժան սպանությունների, արտագաղթի մասին:

«Սովորական ցեղասպանություն» նախագծի շրջանակում ստեղծվել է Սումգայիթին նվիրված ֆիլմ, որը թարգմանված է 5 լեզուներով:

Բանախոսի գնահատմամբ, նախագծի աշխատանքների հիմնական նպատակն է աշխարհով մեկ տարածել սումգայիթյան դեպքերի ականատեսների վկայությունները: