Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը փետրվարի 16-ին թատերասերների դատին ներկայացրեց 2014 թվականի առաջին՝ «Մեծ աշխարհի մեր անկյունը» ներկայացումը: Ինչպես միշտ, այս անգամ ևս առաջնախաղն անցավ լեցուն դահլիճով: Այս բեմադրությունն առանձնահատուկ է նրանով , որ միանգամից ներկայացված էին 4 հեղինակների` 3 դասական և 1 ժամանակակից, գործերը: Վ. Թոթովենցի, Ս. Զորյանի, Հ. Մնձուրու և Կ. Խոդիկյանի մեկական ստեղծագործություն մեկտեղելով մեկ բեմադրության մեջ՝ ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանը ցանկանում է ցույց տալ մեծ աշխարհի փոքրիկ անկյունը՝ Հայաստանը, հայի առանձնահատկությունն ու պարզ, անմիջական ու անարատ հայի տեսակը:
«Արմենպրես»-ի հետ զրույցի ընթաքում բեմադրիչը նշեց, որ այս բեմադրությունը ուսուցողական նպատակ ունի: «Բոլորին քաջ հայտնի է, որ մեր երիտասարդությունը, ցավոք, չի կարդում, այլ հետաքրքվում է տեսագրություններով, ինտերնետով և այլն: Մենք ունենք բավական աղքատիկ դրամատուրգիա, բայց լավ արձակ և հիանալի գրողներ, որոնց մասին մեր երիտասարդները, շատ դեպքերում նաև մեծահասակները չգիտեն: Օրինակ՝ չգիտեն, թե ով է Մնձուրին: Հրաշք հեղինակներ, որոնց գործերն իզուր կորչում են, բայց, երբ մենք դրանք բեմականացնում ենք թատրոնում, մարդիկ սկսում են հետաքրքրվել և կարդալ: Ես այս գործը պետք է անեմ ամեն տարի: Իմ նպատակն ամեն գնով վաղվա սերունդը կրթելն է: Վաղվա սերունդը պետք է իսկապես լինի կիրթ և գրագետ»,-նշեց Նիկոլայ Ծատուրյանը:
Ի դեպ, ընտրված հեղինակների միակ ընդհանրությունը անմիջական ու հասարակ հայ մարդն է: Ցանկացած հեղինակի ստեղծագործություն ներկայացնելուց առաջ համառոտ անդրադարձ է արվում հեղինակի կյանքին ու գործին:
«Բեմադրության մեջ թատրոնի վաստակաշատ դերասանների կողքին զբաղված է երիտասարդ ու խոստումնալից սերունդը»,- վստահեցնում է Նիկոլայ Ծատուրյանը:
Բեմադրության նկարչական ձևավորումն ու զգեստները երիտասարդ նկարչուհի Սուսաննա Գյոլեցյանինն են, երաժշտական ձևավորումը' ՀՀ վաստակավոր արտիստ Հովհաննես Հովհաննիսյանինը, ռեժիսորի ասիստենտն է Լյուդվիգ Հարությունյանը: