Life.panorama.am-ը գրում է.

 

Լարս ֆոն Թրիերի «Նիմֆոմանուհի» ֆիլմի հայաստանյան պրեմիերան չկայացավ «Սինեմա Սթար Դալմա Գարդեն» կինոթատրոնի վատ, անգրագետ մարկետինգի, սխալ քաղաքականության հեևանքով: Ասուլիսում նման դիտարկում արեց կինոգետ, գրականագետ Զավեն Բոյաջյանը:

Հիշեցնենք, որ կինոթատրոնը հայտարարել էր, որ փետրվարի 1-ին կայանալու է «Նիմֆոմանուհի» ֆիլմի հայաստանյան պրեմիերան, սակայն որոշ ժամանակ անց էլ տեղեկացրեց, որ հրաժարվում է ֆիլմի ցուցադրությունից հետևյալ պատճառաբանությամբ. «Որոշման համար հիմք են հանդիսացել մի շարք քաղաքացիների եւ հասարակական խմբերի բազմաթիվ առարկությունները, որոնք կասկած են հայտնել Հայաստանում մեծ էկրանով ֆիլմի ցուցադրության նպատակահարմարության վերաբերյալ: 2013 թվականին բացվելուց անմիջապես հետո Սինեմա Սթար Դալմա Գարդենը դարձավ «ընտանեկան տարածք» և երևանցիների հանգստի սիրելի վայրերից մեկը: Հաշվի առնելով այդ հանգամանքը` մենք որոշեցինք խուսափել իրավիճակից, երբ ֆիլմի ցուցադրությունը կարող է հակասական կարծիքներ առաջացնել մեր այցելուների մոտ»: 
 
Զ. Բոյաջյանը նշեց, որ հասարակական ընդվզում, բողոք չի տեսել այդ ֆիլմի ցուցադրության դեմ: «Ամենապարադոքսալ վիճակն այն է, որ կինոթատրոնը, որ ծառայում է կինոյի տարածմանը, տվյալ դեպքում կամովի ստանձնել է կինոյի գրաքննիչի դերը»,- ասաց կինոգետը՝ հավելելով, որ կինոթատրոնը հայտարարել է, որ ցուցադրելու է պոռնոդրամա, մինչդեռ այդ ֆիլմը որևէ կապ չունի պոռնոգրաֆիայի հետ: Բացի այդ, նրա խոսքով, այդ կինոթատրոնի մենեջերը ռուսական մամուլին տված հարցազրույցում ասել է, թե Հայաստանը դեռ պատրաստ չէ նման ֆիլմ դիտելուն: 
«Այս ֆիլմը բարձրագույն կինեմատոգրաֆիայի նմուշ է, պոռնագրաֆիա չէ: 1990-ական թվականներից սկսած նրա ֆիլմերում սեռական տեսարաններ կան: Բայց պոռնոգրաֆի անուն ձեռք չի բերել: Այն քննարկումները, թե պոռնոգրաֆիա է,  ծիծաղելի է»,- ասաց Զ. Բոյաջյանը: