Նախօրեին երեկոյան, երբ որոշեցինք կապ հաստատել ՀՀ վաստակավոր արտիստ, դուդուկահար Կամո Սեյրանյանի հետ, նա պատրաստվում էր թռիչքի՝ դեպի Հայաստան… Երկու ժամ անց Հայաստանում նրան առաջին «դիմավորողը» Life.Panorama.am-ն էր… Թեև ճանապարհից հոգնած, բայց թարմ տպավորություններով և իր պատրաստած գեղեցիկ անակնկալներով Կամո Սեյրանյանը կիսվեց մեզ հետ…
-Կամո, երբ ձեզ զանգահարեցի, պատրաստվում էիք թռիչքի՝ Հայաստան… Որտե՞ղ էիք, գործնական ուղևորությո՞ւն էր:
-Փետրվարի 8-ին Փարիզում «Արարատ» պարախումբը նշում էր իր գործունեության 10 տարին, որին հրավիրված էինք ես և իմ շատ ընկերներ՝ երգիչ-երգչուհիներ, երաժիշտներ, հաղորդավարներ… Ես պետք է ամսի 12-ին վերադառնայի, բայց պլանները փոխվեցին. 2 օրով մեկնեցի Մոսկվա, հետո՝ Հայաստան…
-Որքան հասկացա, Մոսկվայում լավ ցուրտ էր…
-Հա, մի քիչ վատառողջ եմ, աչքիս լավ մրսել եմ… Մոսկվայից պետք է վաղը գայի, բայց քանի որ լավ չէի զգում, տոմսիս օրը փոխեցի՝ մեկ օր շուտ տուն հասնեմ…
-Տանը գիտե՞ն, որ այսօր պետք է վերադառնաք…
-Ես միշտ անակնկալ եմ արել… Առավոտյան ասացի, որ լավ չեմ զգում, կարող է տոմսս փոխեմ… Բայց միայն այդքանը… Այնպես որ, առաջինը դուք իմացաք, որ ես Հայաստանում եմ արդեն…
-Այս օրերին սիրո տոն է նշվում… Նվերներո՞վ եք եկել…
-Այո, արդեն Փարիզից նվերները գնել եմ…
-Եթե գաղտնիք չէ, ի՞նչ նվերներ են…
-Հետաքրքիր շորիկներ, կոշիկներ…
-Դա այն է, ինչ իրե՞նք են ուզել, թե՞ այն, ինչ դուք եք ցանկացել բերել…
-Չէ, չէ, այսքան ժամանակ իրենք ինձանից ոչինչ չեն ուզել… Ես իմ աչքաչափով, իմ ճաշակով եմ գնում: Եվ ասեմ, որ ահավոր լավ աչքաչափ ունեմ. այսքան ժամանակ չի եղել, որ մի բան գնեմ և չլինի կնոջս կամ երեխաներիս վրա…
-Ի՞նչ տարիքի են երեխաները:
-Ես կյանքում այս հարցում էլ եմ առաջ ընկել… 20 տարեկանում եմ ամուսնացել: Տղաս 14, աղջիկս՝ 12 տարեկան է…
-Դուք էլ օրեր առաջ բոլորեցիք 35-ը…Ձեր հարաբերությունները, հավանաբար, ավելի շատ ընկերական են, այո՞:
-Հա, ես երեխաների հետ շատ-շատ մտերիմ եմ, իրենց ընկերն եմ… Իրենց «բոբո ձյաձյան» մաման է (ծիծաղելով)… Քանի որ շատ եմ բացակայել, երեխաների դաստիարակությամբ կինս է զբաղվել: Բայց ասեմ, շատ լավ է դաստիարակել, կնոջիցս շատ շնորհակալ եմ…
-Իսկ նա ի՞նչ մասնագետ է:
-Դաշնակահարուհի է, ավարտել է Առնո Բաբաջանյանի անվան երաժշտական ուսումնարանը… Ուզում էր կոնսերվատորիան շարունակել, բայց արդեն երեխաների հետ չստացվեց…
-Այնքան էլ ուշ չէ…
-Հիմա ցանկանում է երաժշտական դպրոցում դասավանդել… Ճիշտն ասած՝ ես 13 տարի չեմ թողել, որ աշխատի, բայց հիմա երեխաները մեծ են, հանգիստ կարող է աշխատել… Միևնույն է, դպրոցին 1-2 ժամ է հատկացնելու…
-Իսկ ինչո՞ւ չեք թողել՝ երեխաների խնամքի՞, թե հայ տղամարդու բնավորության պատճառով:
-Ինձ թվում է, երեխաների հարցը ավելի շատ է եղել… Նաև, եթե կարողանում ես ամեն ինչ հասցնել, կինը կարող է և չաշխատել…
Շարունակությունը` այստեղ: