Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը Էդուարդ Թոփչյանի գլխավորությամբ 2014 թվականի իր համերգային ծրագրի մենարկը կազդարարի օպերային արվեստի անկրկնելի գլուխգործոցներից մեկի' Ջակոմո Պուչինիի «Տոսկա» օպերայի համերգային կատարմամբ: Համերգները կկայանան փետրվարի 11-ին և 13-ին' «Արամ Խաչատրյան» համերգասրահում:

 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ' փետրվարի 8-ին հրավիրված ասուլիսում Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը նշեց, որ այս օպերան Հայաստանում հնչել է մոտ 50 տարի առաջ:

«Շատ դժվար աշխատանք է: Բոլորի' թե' գլխավոր դերակատարների և թե նվագախմբի համար շատ պատասխանատու է: Երջանիկ ենք, որ աշխարհի ամենալավ «Տոսկա»-ներից մեկը' Հասմիկ Պապյանը կերգի մեզ հետ»,- ասաց Թոփչյանը:

 

Նրա խոսքով' այն բանից հետո, երբ Պապյանը ցանկություն է հայտնել մեներգել օպերայում, իրենք սկսել են «ոտքի կանգնեցնել» օպերան: Թոփչյանը նշեց, որ երաժիշտներն աշխատում են շատ մանրամասնորեն՝ անդրադառնալով օպերայի յուրաքանչյուր տարրին:

 

Նրա տեղեկացմամբ' օպերային արվեստի ամենավառ ներկայացուցիչներից մեկի' Հասմիկ Պապյանի հետ հանդես կգան երիտասարդ երաժիշտներ, որոնց թվում են Հովհաննես Այվազյանը, Դավիթ Բաբայանցը, Հրանտ Պապյանը, ով Հասմիկ Պապյանի եղբայրն է:

 

«Ինձ համար ամենահաճելի և ուրախալի փաստ այն է, որ առաջին անգամ պետք է երգեմ «Տոսկա» բացառապես հայկական կազմով: Երբ մաեստրո Թոփչյանը առաջարկեց շարունակել մեր համագոծակցությունը, առաջինը մտքիս եկավ հենց այս օպերան, որը զարդարում է գրեթե բոլոր մեծ թատրոնների խաղացանկը»,- իր տպավորությունները փոխանցեց Պապյանը' հավելելով որ «Տոսկա» երգել է մոտ 100 անգամ, աշխարհի ամենամեծ բեմերում' Ճապոնիայում, Վիենայում, Իտալիայում, ալուր:

 

«Մեկ անգամ առիթ եմ ունեցել երգել Գեղամ Գրիգորյանի հետ հարավային Ֆրանսիայում, բացի այլ առիթ չի եղել երգել հայերի հետ»,- ընդգծեց Պապյանը, ով երջանիկ է, որ իրենց հաջողվել է բեմ բարձրացնել այս դժվարագույն օպերան: «Նման սեղմ ժամանակում մեներգիչներ, նվագախումբ, երգչախումբ հավաքելն իսկապես սխրանք է»,- հավելեց օպերային երգչուհին:

 

Երկու համերգներին կմասնակցեն նաև «Հովեր» կամերային (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր' Սոնա Հովհաննիսյան) և «Սպեղանի» (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր' Սարինե Ավթանդիլյան) երգչախմբերը:

«Մեր մասնակցությունը այս գործում շատ համեստ է, և, չեմ կարծում, որ մեզ շեշտելու կարիք կա: Իմ հարաբերություններն ուղղակի շատ նախանձելի են Էդուարդ Թոփչյանի հետ, համատեղ շատ գործեր ենք արել և կանենք»,- նշեց Սոնա Հովհաննիսյանը:

 

Անդրադառնալով երաժշտական համագործակցությանը, Թոփչյանն էլ նշեց, որ ինքը, ինչպես և Սոնա Հովհաննիսյանը աշխատում են լինել հնարավորինս պրոֆեսիոնալ իրենց գործում: Նրանք մշտապես մշակում են նոր գաղափարներ, ծրագրեր, որոնք զերծ են ձևականություններից և շոուից:

Իտալացի հայտնի օպերային կոմպոզիտոր Ջակոմո Պուչինիի «Տոսկա» օպերան ամենահաճախ բեմադրվող գործերից է: Երեք գործողությամբ ստեղծագործության իտալերեն լիբրետոն գրվել է Վիկտորիեն Սարդուրի համանուն պիեսի հիման վրա: Առաջին անգամ օպերան ներկայացվել է 1900 թվականի հունվարի 14-ին և ունեցել է մեծ հաջողություն։ Պուչինին Վերդիից հետո համարվում է ամենախոշոր օպերային կոմպոզիտորներից մեկը: