Այսօր՝ փետրվարի 5-ին, ծնվել է ՀՀ ժողովրդական արտիստուհի, Կոմիտասի անվան միջազգային երաժշտական դպրոցի հիմնադիր, Artists for Peace բարեգործական կազմակերպության հիմնադիր, Never Again մշակութային շարժման նախաձեռնող Ֆլորա Մարտիրոսյանը:
Հայ ազգի Ծովաստղիկի՝ Ֆլորա Մարտիրոսյանի նուրբ, թավշե, ու զրնգուն ձայնը գերել է ոչ միայն հայերիս. այն հասցրել է հնչել աշխարհի 60-ից ավելի հայաշատ համայնքներում:
Երգչուհու տաղանդի մասին շատ մեծանուն մարդիկ են խոսել, անգամ նրանք, ովքեր երաժշտության ասպարեզում ընդամենը ունկնդիրներ էին:
Սակայն հայ բանաստեղծների հետ քիչ երգիչ երգչուհիներ են առիթ ունեցել առնչվելու, էլ ուր մնաց՝ նրանցից որևէ կարծիք լսելու իրենց տաղանդի մասին: Ֆլորա Մարտիրոսյանը այդ երջանիկներից էր:
Սփյուռքի կոմիտեում մեծն Վիլյամ Սարոյանի հետ հանդիպման ժամանակ՝ 1978-ին, երբ Ֆլորա Մարտիրոսյանը դեռևս փոքրիկ աղջնակ էր, ավարտելով «Դլե յաման»-ի վերջին բառերը, մի պահ սրահում տիրում է քար լռություն, որից հետո Սարոյանն ասում է. «Այս աղջկա ձայնը դուդուկի կնմանի: Այն ինձ մտքով տարավ դեպի հայրենի հողը՝ տեսա մայրիկիս, մեր տունը: Ապրե՛ս, զավակս»:
Տարիներ անց իր տված հարցազրույցներից մեկում այս մասին պատմել է ինքը՝ արդեն ՀՀ ժողովրդական արտիստ Ֆլորա Մարտիրոսյանը:
Հիշեցնենք, որ Ֆլորա Մարտիրոսյանը մահացել է նույեմբերի 20-ին 55 տարեկան հասակում ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում: