Ամերիկացի հանրահայտ դերասանուհի Մեգ Ռայանը ծրագրում է Վիլյամ Սարոյանի «Մարդկային կատակերգություն» վեպի հիման վրա ֆիլմ նկարահանել: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով The Hollywood Reporter-ին:

 

Ֆիլմը կկոչվի «Ithaca»: Վեպի գործողությունները զարգանում են կալիֆորնիական Իթակա քաղաքում' Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում, իսկ հերոսների դերում հանդես է գալիս ներգաղթյալների երկրորդ սերունդ հանդիսացող Մաքքոուլի ընտանիքը:
Սարոյանը «Մարդկային կատակերգությունը» գրել է 1942 թվականին: Վեպում պատմվում է 14-ամյա Հոմերի մասին, ում հայրը մեկնում է ռազմաճակատ, և ընտանիքի ողջ հոգսն ընկնում է Հոմերի վրա:

 

Նախագծի պրոդյուսերի դերում հանդես է գալիս Թոմ Հենքսի Playtone ընկերությունը, իսկ սցենարի հեղինակն Էրիկ Յենդերսենն է: Մեգը որոշել է խաղալ նաև ֆիլմի գլխավոր դերերից մեկը:

Դեռ հայտնի չէ, թե Ռայանը երբ կսկսի ֆիլմի նկարահանման աշխատանքները: