Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցը երիտասարդ երգիչ Վարդան Բադալյանն է, ում գեղեցիկ ձայնը ժողովրդական երգին ու երաժշտությանը մի նոր շունչ ու հոգի է տվել… Այս երգիչը մեր շոու-բիզնեսում առանձնանում է ոչ միայն ոճով, այլև համեստությամբ ու բամբասանքների նկատմամբ անձեռնմխելիությամբ… Մի փաստ, որը տարօրինակ է շատ օրենքներից դուրս շոու աշխարհին…
-Վարդան, ի՞նձ է թվում, թե հիմա ավելի պասիվ եք երգարվեստում: Ինչո՞վ եք զբաղված:
-Ես երբեք շատ ակտիվ չեմ եղել, տեսահոլովակներ էլ շատ հաճախ չեմ նկարահանել… Այժմ նոր երգերի վրա եմ աշխատում, տարբեր համերգային ծրագրերի, հեռուստանախագծերի եմ մասնակցում… Նաև աշխատում եմ…
-Որտե՞ղ:
-Տարբեր ակումբներում… Թեև, ընդհանրապես, մեկ ակումբում եմ, բայց երբ այլ տեղերից հրավերներ են լինում, գնում եմ:
-Երաժշտական հաղորդումներից ձեզ առավել հաճախ տեսնում ենք «Երգ-երգոցում»: Ձե՞ր նախընտրությունն է:
-Նաև իմ նախընտրությունն է, շատ լավ ու սիրված հաղորդում է … Երբ հրավիրում են, անպայման գնում եմ: Տարբեր կոմպոզիտորների են անդրադառնում, և, ուրախ եմ լինում, երբ ինձ հարազատ կոմպոզիտորների երգերը հնչեցնելու, սովորելու առիթ է ներկայանում… Նաև ինձ համար շատ հարազատ է նրանով, որ ամբողջությամբ կենդանի հնչողություն է…
-Ձեր ժանրը ժողովրդականն է այո՞:
-Վերջին տարիներին՝ այո… Սկզբում այլ ոճում էի երգում, բայց հետո սկսեցի հանդես գալ այս ժանրում, այս տեսակի մեջ:
-Փոփոխությունը ինչի՞ հետ էր կապված, չցանկացա՞ք բոլորին նմանվել…
-Դա էլ կա…Բայց ես միշտ երգել եմ ժողովրդական երգեր, կոնսերվատորիայի ժողովրդական երգի բաժինն եմ ավարտել… Պարզապես այնպես ստացվեց, որ առաջին տեսահոլովակը այլ ոճի երգի հիման վրա նկարահանեցինք: Երկու տարի ազգային երգի նվագարանների խմբի հետ մանրակրկիտ աշխատեցինք ու սկավառակ պատրաստեցինք, շատ գեղեցիկ սկավառակ է ստացվել… Հիմա էլ կշարունակեմ այլ ոճերում երգել, բայց ժողովրդականից շատ չեմ շեղվի…
-Նոր տեսահոլովակի մասին չե՞ք մտածում:
-Մտածում եմ, ուղղակի հարմար երգ դեռևս չեմ ընտրել…
-Շատերը մեկ երգ են ունենում ու անմիջապես տեսահոլովակ են նկարահանում, դուք մտածում եք ընտրելու մասի՞ն…
-Այդպես շատ հեշտ կլինի, ու ոչ ճիշտ… Նախորդ տեսահոլովակը, որը ժողովրդական երգի հիման վրա է նկարահանվել, շատ որակյալ է: Դրանից վատը անել չի կարելի, պետք է ավելի լավը անել: Այդ պատճառով մի քիչ երկար պետք է մտածեմ… Բայց նաև, եթե ճիշտն ասեմ, այնքան էլ արդարացված չի տեսահոլովակ նկարահանելը…
-Ֆինանսապե՞ս:
-Այո, բիզնեսի առումով: Կարծես անիմաստ փող ես ծախսում: Իհարկե, կապ ունի ինչ ժանրի երգի հիման վրա է նկարահանվում… Կարող ես անել այնպիսի բան, որը հիմա շատ պահանջված է, բոլորն են անում… Այ դա կարդարացնի սպասելիքները…
-Վարդան, երբ ակումբներում եք երգում, երգացանկը, ոճը փոխո՞ւմ եք:
-Իհարկե… Նաև իմ երգերն եմ երգում, բայց մեծամասամբ ավելի թեթև, ժամանցային երգեր եմ կատարում, որովհետև, կոպիտ ասած, այնտեղ ոչ թե հանդիսատես է լինում, այլ պատվիրատու… Մարդիկ գալիս են հատուկ ուրախանալու նպատակով: Այնտեղ թելադրողը դու չես:
Շարունակությունը՝ այստեղ: