Այսօր հայ մեծանուն գրող Պարույր Սևակի ծննդյան օրն է:

 

Պարույր Սևակը (Պարույր Ռաֆայելի Ղազարյան) ծնվել է 1924թ. հունվարի 24-ին Վեդու շրջանի Չանախչի գյուղում (այժմ՝ ՀՀ Արարատի մարզ, գյուղ Զանգակատուն), գյուղացու ընտանիքում:

1940թ. ընդունվել և 1945թ. գերազանց դիպլոմով ավարտել է Երևանի Պետական Համալսարանի Բանասիրական բաժանմունքի հայոց լեզվի և գրականության բաժինը:

 

1955-1959թթ դասախոսել է Մոսկվայի Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտում (1957-1959թթ աշխատել է՝ որպես ավագ դասախոս): Տիրապետել է հինգ լեզուների՝ հայերեն, ռուսերեն (ազատ), ադրբեջաներեն, թուրքերեն (խոսակցական), անգլերեն (բառարանով):

Պարույր Սևակի բանաստեղծությունները թարգմանվել և առանձին գրքերով լույս են տեսել աշխարհի բազմաթիվ լեզուներով (ռուսերեն, ուկրաիներեն, լիտվերեն, վրացերեն, ադրբեջաներեն, չեխերեն, հունգարերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն և այլն): Նրա սցենարներով նկարահանվել են «Մեսրոպ Մաշտոց» (1962թ., «Հայֆիլմ»), «Սայաթ-Նովա» (1965թ., «Հայֆիլմ») փաստագրական կինոնկարները: Առավել հայտնի ստեղծագործություններն են «Սայաթ Նովա», «Անլռելի զանգակատուն», «Եռաձայն պատարագ», «Մոր ձեռքերը», «Մարդ էլ կա մարդ էլ», «Մենք քիչ ենք, բայց հայ ենք» և շատ ուրիշներ:

Պարույր Սևակը մահացել է 1971թ. հունիսի 17-ին, հայրենի գյուղից Երևան վերադառնալու ճանապարհին՝ իր վարած ավտոմեքենայի վթարից: Պարույր Սևակի հետ ողբերգական ավտովթարի զոհ է դարձել նաև կինը՝ Նելլի Մենաղարաշվիլին: Սևակը թաղված է հայրենի գյուղի սեփական այգում: