Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցը օպերային երգիչ, դերասան Արման Նշանյանն է, ում ծանոթ ենք նաև «Արմենիա» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Եղբայրներ» սերիալից… Նա մեզ հետ անկեղծացավ մարդկային խնդիրների, սեփական տեսակետների, անձնական կյանքի և Հայաստան վերադառնալու դրդապատճառների մասին…
-Ինչո՞վ եք հիմա զբաղված, ի՞նչ գործունեություն եք ծավալում:
-Այժմ ձայնագրությունների գործընթացի մեջ եմ, արդեն չորս երգ եմ ձայնագրել, 5-րդը պատրաստման փուլում է… Նկարահանել եմ մեկ տեսահոլովակ, կիրակի օրը ևս մեկը կնկարահանեմ: Մինչև աշուն հուսով եմ, որ բոլոր երգերն էլ տեսահոլովակներ կունենան… Մի քանիսը կլինի դրսի, մի քանիսն էլ՝ Հայաստանի լսարանի համար…
-Ի՞նչ թեմաներով երգեր են:
-Երեքը ավելի խորը փիլիսոփայական են, սիրո հետ կապ չունեն, մեկը շատ լուրջ, աշխարհի քաղաքականության թեմայով գործ է, որի կարիքը, առավել ևս հիմա, կարծում եմ՝ շատ կա: Իսկ 5-րդը սիրային երգ է…
-Անձամբ ինձ առավել հետաքրքրեց, թե ինչպիսի՞ն կլինի քաղաքական հնչերանգով երգը:
-Դա բոլորին է հետաքրքրում, բայց ես չեմ ուզում դեռևս փակագծերը բացել… Կարծում եմ, երբ երգը լույս տեսնի, մեծ աղմուկ կբարձրացնի…
-Այդ երգի ծնունդը ինչի՞ արդյունք էր:
-Ես միշտ հետևում եմ իմ հոգու ճիչին… Ինձ թվում է՝ այն մարդը, ով հետապնդում է արվեստի ճանապարհը, և ոչ թե շոու բիզնեսինը, այն մարդը, որն աշխատում է ոչ թե գումարի և փառքի, այլ՝ ժողովրդի և Աստծու համար, չի կարող իր հոգու ճիչը չկատարել… Ես չեմ նայում, թե բիզնեսն ինչ է թելադրում, և թե հաջորդն ինչ քայլ պետք է անեմ, որ ավելի ճանաչված կամ պահանջված լինեմ: Ես հետևում եմ, թե ինչ է հարկավոր իմ ժողովրդին, իմ երկրին, և ինձ՝ որպես անհատ, էակ, մարդ…
-Բայց այդպես, կարծեք թե, ընդդիմություն է ձևավորվում: Դուք ձեզ ընդդիմություն համարո՞ւմ եք:
-Ես այդ իշխանություն-ընդդիմություն ասածից շատ բան չեմ ընկալում… Ազգը, պետությունը, երկիրը՝ դա ժողովուրդն է… Նույն նախագահը, վարչապետը, ցանկացած մեկը նույնպես ժողովուրդ են: Իրենք էլ եղել են ժողովրդի շարքերում և ապագայում ևս կլինեն… Ես պայքարել, պայքար, ընդդիմություն բառերը չեմ ընդունում: Կան մարդիկ, որ պայքարում են միայն նրա համար, որ դեմ լինեն գործող իշխանությանը: Բայց չէ՞ որ այդ իշխանությունը, կառավարությունը նույնպես ժողովուրդ է, ինքներս մեզ ենք վնասում… Պատերազմի ընթացքում ավելի շատ տուժում է այն հողը, որի վրա է տեղի ունենում տվյալ պատերազմը…Պետք է միասին հասկանալ, հնարավորություն ստեղծել համագործակցելու և գտնել ոսկե միջինը: Հաղթող է նաև այն մարդը, ով կարողանում է ճիշտ ընտրել իր պայքարները: Ես ինձ համարում եմ ոչ թե ընդդիմություն, այլ մի անձնավորություն, ով ժողովրդի կողքին է, և այն, ինչը լավ է իմ ժողովրդի, ընկերների, շրջապատի, երիտասարդության համար, լավ է նաև ինձ համար…
-Կարծեք թե բողոքի քաղաքակիրթ ձևը գտել եք արվեստագետներով և երիտասարդներով. հնարավոր եղավ կասեցնել տրանսպորտի թանկացումը, այժմ կենսաթոշակի պարտադիր կուտակային համակարգի «ԴԵՄ ԵՄ» ակցիան…
-Ես չեմ կարծում որևէ երկրի, պետության ներկայացուցիչ իր ժողովրդի վատը ցանկանա: Գիտե՞ք, հավատում եմ, որ այս կենսաթոշակային հարցը ի սկզբանե մտածված է եղել ի բարօրություն ժողովրդի ապագայի: Բայց դա այս պահին մեր երկրի համար չէ, դա հարուստ պետությունների համար է, որտեղ ժողովուրդը միջին ապահովված աշխատավարձ ունի, ոչ թե 40-100 հազար դրամ…Նրանց համար խնդիր չի ամսական 25-50 դոլար կամ եվրո խնայել ապագայի համար… Մեզ մոտ աշխատավարձերը շատ ցածր են, ցանկացած 20, 10 կամ 5 հազար դրամի բացակայությունն ակնհայտ զգացվում է… Երիտասարդ ընտանիքներին դա մեծ հարված է հասցնելու…Այդ 5000-ը գուցե այդ ընտանիքի երեխայի մեկ ամսվա ճանապարհածա՞խսն է… Երբ կունենանք 400-500 հազար դրամ միջին աշխատավարձ, այդ ժամանակ պետք է մտածել այս մասին…
-Դե մեզ մոտ բարձր են նաև կոմունալ ծախսերը, տուգանքները… Թանկ երկիր ենք…
-Եվ լսել եմ, և սեփական մաշկիս վրա եմ զգացել տուգանքների թանկ լինելը… Լինում է, ամսեկան 30-50 հազար դրամի տուգանք է գալիս վարորդին, այսինքն՝ երբեմն իր աշխատավարձի 30-ից 50 տոկոսը կողմնակի բաների վրա է ծախսում… Դա նույնիսկ Եվրոպայի կամ Ամերիկայի համար ՀՐԱՇՔ է, որևէ երկրում չես կարող նշել 10 տոկոս տուգանք, այն էլ այն դեպքում, երբ ստանում ես շատ ցածր աշխատավարձ… Չի կարելի մարդկանց այդպես դաժանորեն վերաբերվել… Իհարկե, խոսքս փոքր սխալների մասին է, որ ցանկացած վարորդ կարող է օրվա ընթացքում կատարել…
-Շատերը հնարավորություններ են փնտրում Հայաստանից մեկնելու… Դուք ընդհակառակը՝ ունենալով այդ բոլոր հնարավորությունները, լինելով դրսի քաղաքացի, վերադարձել եք Հայաստան… Այլ պատճառ կա՞…
-Ես Հայաստանում բոլորովին ուրիշ զգացողություններ եմ ունենում… Կյանքում կան բաներ, որոնք բացատրել չես կարող: Քայլերդ ոչ թե դու, այլ կյանքն է որոշում…Ես առանց Հայաստանի ապրել չեմ կարող, ինձ համար կարևոր է լինել այստեղ… Կարող է գործով գնամ, տարիներով բացակայեմ, բայց երբեք չեմ կարող ասել, որ իմ տունն ուրիշ տեղ է: շատերը կարծում են՝ դրսի հայերի համար շատ հեշտ է… Ոչ, շատ դժվար է: Ես ինձ երբեք չեմ համարել ամերիկացի, միշտ հայ եմ զգացել… Բայց ինձ համար շատ դժվար է նաև Հայաստանում ապրելը, որովհետև Հայաստանում մեծացած երիտասարդները դրսում մեծանալու ցավը երբեք չեն հասկանա… Այդ նույն մութ ու ցուրտ տարիները, ելք չունենալը ես չեմ կարող զգալ: Կարող եմ պատկերացնել, մտնել դրության մեջ, կարող եմ հասկանալ՝ ընկերներիս հետ շփվելով, բայց այդ հերոսությունը ես չեմ ապրել…
Շարունակությունը` այստեղ: