Ուրախալի լուր գինի և շոկոլադ սիրողների համար: Պարզվում է, որ եթե քանակապես շատ օգտագործվեն ֆլավոնոիդներ, որոնք հիմնականում պարունակվում են շոկոլադի, թեյի, հատապտուղների և գինու մեջ, ապա դրանք կարող են պայքարել 2-րդ տիպի շաքարային դիաբետի դեմ: Այս մասին հայտարարում է Journal of Nutrition պարբերականը:

 

Անգլիայի մի շարք համալսարանների պրոֆեսորների կատարած ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այս միացությունների հաճախակի օգտագործումը նվազեցնում է ինսուլինի դիմադրությունը և կարգավորում գլյուկոզան:

2-րդ տիպի շաքարային դիաբետն ինսուլինի դիմադրության արդյունք է: Սա նշանակում է, որ մարդու օրգանիզմն ի վիճակի չէ պատշաճ կերպով օգտագործելու արտադրվող ինսուլինի քանակը, ինչն էլ կարող է հանգեցնել արյան մեջ գլյուկոզայի աննորմալ քանակի:

 

Այս ամենը պարզելու համար մոտավորապես 1,997 կին կամավորների շրջանում անց է կացվել ուսումնասիրություն:

Բոլոր կանայք լրացրել են հարցաթերթիկներ: Սա թույլ է տվել չափելու նրանց ընդունած ֆլավոնոիդի քանակը:

Այսպիսով, այն կանայք, ովքեր շատ են օգտագործել ֆլավոնոիդներ (հատապտուղների, կարմիր խաղողի, շոկոլադի և գինու միջոցով), ունեցել են ինսուլինի ցածր դիմադրություն:

 

Այս կանանց մոտ նաև բարձր է եղել ադիպոնեկտին կոչվող պրոտեինի մակարդակը, իսկ սա, իր հերթին, կարգավորում է արյան մեջ գլյուկոզայի մակարդակը:

Ինչ վերաբերում է շոկոլադին, ապա խոսքը գնում է դրա օգտագործման միմիայն չնչին քանակության մասին՝ ցանկալի արդյունքի հասնելու համար: