Հայաստանի Առաջին ալիքն, իր խոստման համաձայն, Ամանորի գիշերն եթերում հայտարարեց, որ «Եվրատեսիլ-2014»-ում Հայաստանը կներկայացնի երգիչ, հումորիստ Արամ MP3-ն: Հանրության համար որոշումը որքան անսպասելի, նույնքան էլ ուրախալի էր, ինչի մասին վկայեցին սոցիալական ցանցերում երգչին սատարող և ոգևորող կոչերն ու նախաձեռնությունները: Արամ MP3-ն այժմ մրցույթի երգի ընտրության բուռն նախապատրաստական փուլում է: Նրա ցանկությունն է, որպեսզի մարդիկ որքան հնարավոր է զերծ մնան բացասական էմոցիաներից և առաջնորդվեն այն մոտեցմամբ, որ «Եվրատեսիլ»-ը պարզապես երգի մրցույթ է: Մեր երկրի պատվիրակն առաջարկում է այն չքաղաքականացնել և հավաստիացնում է, որ, անկախ մրցույթի արդյունքներից, «իրեն աստղայինը չի տանի»:«Արմենպրես»-ի թղթակիցը մրցույթին ընդառաջ Արամ MP3-ի հետ զրուցեց եվրատեսիլյան սպասելիքների և այլ թեմաների շուրջ:

 

-Յուրաքանչյուր տարվա սկզբին «Ո՞վ է ներկայացնելու Հայաստանը «Եվրատեսիլ»»-ում հարցը ամենաարդիականներից մեկն է դառնում երաժշտական ոլորտում: Արդյոք կպատկերացնեի՞ք, որ Հանրային հեռուստաընկերությունը հենց Ձեզ է ընտրելու որպես այս տարվա պատվիրակ: Ինչպե՞ս արձագանքեցիք, երբ տեղեկացաք այդ մասին:


-Իհարկե, մտածել եմ այդ մասին, և այն օրվանից, երբ Հայաստանը սկսեց մասնակցել «Եվրատեսիլ»-ին: Մինչ այդ նախագծին այնքան էլ շատ չեմ հետևել: Երբ փոքր էի, տան անդամներն էին նայում մրցույթը, ես այնքան էլ ուշադրություն չէի դարձնում, բայց հետո, երբ Հայաստանը սկսեց մասնակցել, հասկացա, որ սա լուրջ մրցույթ է, որտեղ կարելի է հայտ ներկայացնել, հնարավորություն է, որ քեզ ճանաչեն նաև դրսում: Մտածել եմ և, ճիշտն ասած, այն ժամանակ միանշանակ պատրաստ չէի մասնակցել այս մրցույթին, իսկ հիմա առաջարկը շատ ճիշտ ժամանակին էր, որովհետև հիմա կգտնեմ բավականաչափ ուժ եւ եռանդ այդ նախագծին մասնակցելու համար:

Ընկերներս միանշանակ դրական արձագանքեցին, ամենաշատը իրենցից եմ լսել «Բա դու ե՞րբ ես գնալու «Եվրատեսիլ» արտահայտությունը», և ահա, վերջիվերջո, դա տեղի ունեցավ: Ընկերներիս ասացի. «Հիշո՞ւմ եք, հինգ տարի է' ինձ հարցնում էիք այդ մասին, այժմ եկավ այդ օրը, հիմա ես եմ գնում»: Ընդհանուր ուրախությանը չափ ու սահման չկար, իհարկե բացվեցին ոգելից խմիչքների շշեր, շնորհավորեցին ինձ (ծիծաղում է): Իրենք անհանգստանում են այնպես, ինչպես ես, օր ու գիշեր հետաքրքրվում են անելիքներիս մասին, ինչի համար շնորհակալ եմ: Նույնիսկ չեմ կարող ասել, որ միայն շնորհակալ եմ և վերջ: Գիտեմ, որ մինչև վերջ իմ կողքին են լինելու թե’ այնտեղ' բեմում, թե’ ետնաբեմում: Մեզ լարված օրեր են սպասում:

 

- «Եվրատեսիլ-2014»-ում Հայաստանի ներկայացուցչի անունը հայտնի դառնալուց հետո կարճ ժամանակ անց Ձեր երկրպագուները ֆեյսբուքյան խումբ բացեցին, որը կարճ ժամանակահատվածում հազարավոր հետևորդներ ունեցավ: Սոցիալական ցանցերում քննարկումների մեծ մասը ցույց է տալիս, որ Հանրայինի որոշման հետ հանրությունը համաձայն է: Նման նախադեպ գուցե առաջին անգամ է գրանցվում: Ինչպես՞ կմեկնաբանեք այդ հաջողությունը:


-Անկեղծ ասած, հաջողությունը չեմ ցանկանում ինքս մեկնաբանել: Բայց, օգտվելով առիթից, շնորհակալություն կհայտնեմ բոլոր նրանց, ովքեր աջակցում են ինձ այս հարցում, ովքեր կիսում են իմ մտքերը, սիրում են ինձ: Հույս ունեմ, որ ամեն ինչ լավ կլինի, և այդ նույն բարձր տրամադրությունը, որն ստեղծվեց իմ մասնակցության մասին տեղեկատվության հայտնի դառնալուց հետո, կշարունակվի, աճ ու զարգացում կունենա: Շնորհակալ եմ բոլորին, ինքս շատ ուրախացել եմ, երբ տեսել եմ, թե ինչ «թոհուբոհ» առաջացավ սոցիալական կայքերում, ինչքան դրական արձագանքներ եղան: Միանշանակ դա ինձ համար ամենամեծ գնահատականներից մեկն է իմ կատարած աշխատանքի դիմաց:

 

-Ձեր հասցեին ուղղված քննադատությունից նույնպես անմասն չմնաց վիրտուալ տիրույթը: Հիմնական քննադատությունը վերաբերում է նրան, որ Դուք մասնագիտությամբ դեղագետ եք և ոչ թե երաժիշտ, չունեք համապատասխան կրթություն: Ինչպե՞ս եք վերաբերվում քննադատությանը:


-Քննադատությանը նորմալ եմ վերաբերվում, եթե դա, իհարկե, առողջ քննադատություն է, որովհետև կա նաև «հիվանդ» քննադատություն: Աշխարհում և Հայաստանում կան շատ-շատ մարդիկ, ովքեր զբաղվում են ոչ իրենց մասնագիտությամբ, և դա իրենց մոտ բավական լավ է ստացվում: Օրինակ, նույն Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Խուլիո Իգլեսիասը, ով համաշխարհային մեծության number one երգիչներից է, կամ մեկ այլ մասնագիտության մեջ նույնպես ֆուտբոլիստ-դարպասապահ Նիլս Բորը, կամ հանրահայտ գրող Բուլգակովը, ով մասնագիտությամբ բժիշկ էր… Նման օրինակները շատ են: Մանկուց սիրել եմ երաժշտությունը, ես չեմ զբաղվում տնտեսագիտությամբ կամ իրավագիտությամբ, որոնցով առանց դիպլոմի չես կարող զբաղվել, ես երգում եմ: Յուրաքանչյուր անգամ, երբ համերգ եմ ունենոմ, համերգից հետո ինձ ոչ ոք չի ասում. «Բայց դու դեղագետ ես, ինչու ես երգում»: Մարդկանց դեմքերից հասկանում եմ, որ դրական են տրամադրված, ուրախ են հեռանում ակումբից, դա նշանակում է, որ ինձ մոտ ստացվում է: Եթե նկատեի, որ չի ստացվում, պարզապես չէի զբաղվի այս գործով: Ինձ թվում է, երգելու համար անպայման չեն խոր իմացություններ, աշխարհում շատ երգիչներ կան, ովքեր պարզապես ունեն շնորք և երգում են:

 

-Բնատուր ձայնը վաղուց Ձեր այցեքարտն է: Արդյոք չունե՞ք ցանկություն առաջիկայում լրացնել նաև մասնագիտական կրթության «բացը», և գուցե «Եվրատեսիլ»-ից հետո ընդունվեք, օրինակ, Երևանի պետական կոնսերվատորիա:


-Շատ հնարավոր է, չգիտեմ: Զուտ այն բանի համար չեմ ասում, որ նման քննադատություն է հնչել, այլ ինքս այս տարիների ընթացքում կատարելագործվում եմ: Սկզբում ընդհանրապես չգիտեի, թե ինչպես են գրում երգեր, այժմ գրում եմ երգեր, նվագում եմ, երգում եմ: Աճ կա, ես ինքս էլ աշխատում եմ ինձ վրա:

 

-Շատերը Ձեր երաժշտական կարիերայի սկիզբը կապում են «Երկու աստղ» նախագծի հետ, սակայն հասկանալի է, որ բարձր կատարողականության համար երաժշտության հանդեպ սերն ավելի խոր արմատներ պիտի ունենա: Կպատմե՞ք , թե ի՞նչը և ե՞րբ Ձեզ կապեց երաժշտության հետ:


-Ես ավելի երաժշտություն սիրող եմ, մելոման եմ: Ցանկացած ժանրի մեջ ինձ համար կգտնեմ լավ երաժշտություն: Դրա համար, երբ հարցնում են, թե որն է իմ սիրած երգը կամ երգիչը, դժվարանում եմ պատասխանել, որովհետև կան շատ-շատ սիրված երգիչներ և երգեր: Մանկուց ես սեր եմ ունեցել երաժշտության նկատմամբ: Մեր տանը միշտ լսել են լավ երաժշտություն: Մայրիկս կիթառ է նվագել, իսկ ես փոքր հասակից երգել եմ նրա հետ: Այսինքն, սերը մանկուց է եկել և պետք է ունենար իր դրսևորումը: Ամեն ինչ սկսվեց փոքր տարիքից, երբ երգեցի «Տաթև» երգչախմբում, այնուհետև արդեն բժշկական համալսարանում սովորելու տարիներին կամաց-կամաց իմ մասնագիտական ուղղությունը շեղվեց այդ կողմ: Մեզ մոտ կար «Մեդունի» երգչախումբ, որտեղ երգում էի: Այնուհետև սկսվեց ՈւՀԱ-ն, հետո արդեն' «32 Ատամը», «Vitamin»-ը, և այդպես շարունակ: Ամեն ինչ ճյուղավորվեց և գնաց իր ուղղությամբ: Ամեն ինչ ինձ մոտ ինքնըստինքյան է ստացվել:

 

-Նախորդ տարիներին Հայաստանի եվրատեսիլյան անցած ուղին վերլուծելիս, հետադարձ հայացք նետելով, ո՞րը կհամարեք «Եվրատեսիլ»-ում մեր երկրի ունեցած ամենահաջողված մասնակցությունը:


- Եթե ընդհանուր նայենք, ապա եղել են և՛ ճիշտ, և՛ սխալ կատարումներ: Ինձ համար լավ կատարումներից էր Հայկոյի կատարումը' շատ մաքուր և ճիշտ կատարում: Իսկ ամենակոմերցիոն և մարդկանց սրտին կպչող, հիթային տրամադրություն ստեղծողը Սիրուշոյի «Քելե-քելե»-ն էր, որը 2008 թվականին գրավեց 4-րդ հորիզոնականը: Կան բաներ, որոնք պետք է լինեն երգի մեջ, և կան բաներ, որոնք կարծում եմ, պետք է ընդհանրապես հանել: Երգն ընտրելիս շատ բան է պետք հաշվի առնել, առաջին հերթին այն, որ բացի Հայաստանի հայերից, Սփյուռքից, մրցույթը դիտում են շատ եվրոպացիներ, և երգը նաև նրանց համար պետք է լինի: Արտասահմանյան ունկնդիրը, բացի նրանից, որ պետք է իմանա Հայաստանի մասին երաժտության միջոցով, նաև իր ականջին էլ հարմար երաժշտություն պետք է լսի: Հենց այդտեղ է պրոցեսի բարդությունը: Կարծում եմ, այս մրցույթում ամենակարևորը շատ լավ ձայնային տվյալներ ունենալը չէ: Մենք տեսել ենք դեպքեր, երբ շատ լավ ձայնային տվյալներով մասնակիցները զբաղեցրել են շատ ցածր հորիզոնականներ: Գաղտնիքը հենց այդ երեք րոպեում ցույց տալն է, թե ով ես դու, քո կերպարը: Պետք է ունենալ խարիզմա, որով գրավես հեռուստադիտողին, որպեսզի քվեարկեն քո օգտին: Պետք է ցույց տաս այնպիսի շոու, որը հիշվի նաեւ քվեարկելիս: Մի քանի ենթակետեր կան, որոնցից բոլորի մասին պետք է մտածել միանշանակ: Երեք րոպեում պետք է մի մեծ աշխարհ տեղավորել ու կարողանալ հնարավորինս ցույց տալ երկիրը:

 

Շարունակությունն' այստեղ: