«ՌՈՄԱՆՏԻԿՆԵՐԸ» նոր գեղարվեստական ֆիլմի համաշխարհային պրեմիերան կկայանա հունվարի 26-ին' «Գոթենբորգի» հեղինակավոր միջազգային կինոփառատոնում։ Ֆիլմի մասին ավելի մանրամասն տեղեկություններ ստանալու համար Mediamall.am-ը զրուցեց ֆիլմի ռեժիսոր Արեգ Ազատյանի հետ:
-Մի փոքր ներկայացրեք, թե ովքեր են աշխատել ֆիլմի վրա:
- Ֆիլմն իրականացվել է «Այսօր-Պլյուս» ֆիլմարտադրության կողմից' Հայաստանի Ազգային կինոկենտրոնի, Գոթենբորգի կինոհիմնադրամի, Արևելաեվրոպական կինոալիանսի և ԷԱՎԵԻ-ի աջակցությամբ։ Գլխավոր դերերը մարմնավորել են Նարեկ Ներսիսյանն ու Նարեկ Քթոյանը, ինչպես նաև Կարեն Խոսրովյանը, Ռոբերտ Դանելյանը, Հակոբ Մանուկյանը, Արթուր Ղալումյանը, Դևիդ Ֆրանցրեբն ու Րաֆֆի Էլլիոթը։ Բեմադրող օպերատորն է ազգությամբ սիրիացի Թամմամ Համզան, երաժշտության հեղինակը' Արթուր Միտինյանը։ Գործադիր պրոդյուսերներն են Նարինե Մկրտչյանն ու Արսեն Ազատյանը։ Սցենարի խորհրդատուն է Սիգել Մաչալսկին։
-Ինչպե՞ս եք ընտրել դերասաններին:
- Շատ բարդ։ Հատկապես նրանց, ում դերերը նախապես հաստատված չէին։ Մենք շուրջ 6 ամիս դերասանական ընտրություն ենք արել։ Փորձերը տևել են մի քանի ամիս։ Դերասաններից ոմանք ստիպված են եղել անգլերեն սովորել ու նույնիսկ «քաշ գցել»։
-Ինչի՞ մասին է ֆիլմը: Ո՞րն է գլխավոր ասելիքը և ինչպե՞ս եք փորձել այն հասցնել մարդկանց:
- Պատմությունը երիտասարդ դերասանի մասին է, ով պատրաստվում է մեկնել ԱՄՆ և իր մտերիմ ընկերների հետ հրաժեշտի խնջույք է կազմակերպում, սակայն չնախատեսված և անհեթեթ դեպքերի շղթան բերում է ողբերգության։ Մեր հերոսները 90-ականների այն սերնդից են, ովքեր տեսել են և′ պատերազմ, և′ մութ ու ցուրտ տարիներ, և′ ժամերով հերթեր' մի կտոր հացի համար: Այդ ամենը չէր կարող անհետևանք մնալ։ Ֆիլմում արծարծված են այնպիսի հարցեր, որոնք մինչ օրս չեն ներկայացվել հայ կինոռեժիսորների կողմից կամ ներկայացվելու դեպքում՝ դա արվել է խիստ սահմանափակված։ Մեր հերոսները համարձակ են, ունեն իրենց երազանքները, սակայն դրա հետ մեկտեղ բազմաթիվ չլուծված տարաձայնություններ իրենց հանգուցալուծումն են ստանում մի գիշերվա ընթացքում։
-Արդյո՞ք կոմերցիոն բնույթ չի կրում այն:
-Ցանկացած բան այսօր կարող է կոմերցիոն բնույթ կրել: Տվյալ դեպքում մենք առաջնորդվել ենք արվեստի «կանոններով» ու առաջնահերթություն չենք տվել կոմերցիային։ Սակայն' հաշվի առնելով հայկական փոքր, բայց տարօրինակ կինոշուկան, շատ հավանական է, որ ֆիլմը կոմերցիոն հաջողություն ունենա, եթե ճիշտ ներկայացվի ու տարածվի:
-Ի՞նչ ակնկալիքներ կան ֆիլմից:
- Ակնկալիքները տարբեր են' միջազգային կինոփառատոններին մասնակցություն, միջազգային վաճառք ու դիստրիբյուցիա, նոր նախագծերի ֆինանսների հայթայթում և այլն։ Ամեն դեպքում գլխավորապես կարևորում ենք ֆիլմի տարածումն աշխարհով մեկ։
-Սա Ձեր համատեղ առաջի՞ն աշխատանքն է:
- Որպես ռեժիսորներ՝ այո։
-Արդյո՞ք գաղափարական բախումներ չեն լինում. գիտենք, որ կնոջ և տղամարդու աշխարհայացքները տարբեր են:
- Լինում են։ Բայց այդ բախումների շնորհիվ շատ հարցեր իրենց լուծումն են ստանում։ Չնայած' մենք բանավիճել շատ չենք սիրում։
-Ֆիլմի թրեյլերից պարզ է դառնում, որ ֆիլմում առկա են «բաց» տեսարաններ: Ըստ Ձեզ' հայ հանդիսատեսը պատրա՞ստ է ընդունելու նման ֆիլմ' հաշվի առնելով, որ, օրինակ, «Անունս Վիոլա է» և «Ապակե կախազարդը» ֆիլմերը ոչ միանշանակ ընդունվեցին հանդիսատեսի կողմից:
- Այստեղ հարցն այլ է։ Ֆիլմում բաց տեսարաններ, առավել ևս` սեռական բնույթի, չկան։ Պարզապես ֆիլմը նկարահանված է նատուրալիստական ոճով։ Կան շատ այլ տեսարաններ, որոնք ոչ միանշանակ կընդունվեն, սակայն խոսքը պոռնոգրաֆիայի մասին չէ։ Մենք գիտենք, որ շատերին ֆիլմը «համարձակ» կթվա։
-Եվ վերջում' Հայաստանում ե՞րբ կլինի ֆիլմի ցուցադրությունը:
- Մարտի վերջին կամ ապրիլի սկզբին։
Զրուցեց Լիա Թահմազյանը