Պատրաստեց Աստղիկ Բաղդասարյանը
Լուսանկարը ըստ Դավիթ Գալստյանի
Ռեժիսոր Արթուր Մանուկյանը գենդերային հավասարության մասին խոսելիս հատկապես կարևորում է կնոջ դերը այն ոլորտներում, ուր նրան պակաս հնարավորություններ են տրված: Cosmopolitan-ի հետ զրույցում նա նաև ներկայացրեց հայ կնոջ, ընտանիքում նրա դերի, կին-տղամարդ հարաբերությունների և մի շարք այլ կանանց կարևոր հարցերի վերաբերյալ տղամարդկային տեսակետը:
- Եթե համեմատենք վերջին տարիների հետ, նկատում եք արդյո՞ք որևէ փոփոխություն կին-տղամարդ հարաբերությունների, հնարավորությունների և իրավունքների հավասարության տեսանկյունից:
Մի քանի տարի առաջ մեր երկրում շատ ակնհայտ էր այդ անհավասարությունը: Կային իրավունքներ, որոնց իրավունքը չուներ կինը, այսինքն՝ միանշանակ տեսնում էինք կնոջ թույլ սեռը: Հիմա կինն ավելի ակնառու է թե´ մշակույթի ոլորտում, թե´ քաղաքական ոլորտում, թե´ բիզնես ոլորտում: Շատ ոլորտներում մենք տեսնում ենք, որ կանանց ավելի շատ տեղ է տրվում, աստիճանաբար կնոջ դերը ավելի է կարևորվում: Իրականում կանանց կարիքը այս բոլոր ոլորտներում մինչ այժմ շատ էր զգացվում, քանի որ տղամարդը մի քիչ ավելի ուղիղ է մտածում, ավելի պրագմատիկ է, իսկ կինը շատ ավելի խորքային, զգացմունքային, շատ ավելի ոչ ստանդարտ է մտածում:
- Գենդերային հավասարության հասնելու համար ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկվեն և ո՞ւմ կողմից պետք է լինի նախաձեռնությունը:
Կարծում եմ՝ պետք է տղամարդկանց կողմից լինի նախաձեռնությունը: Տղամարդը այս հարցում պետք է զիջի, այլ ոչ թե սպասի, որ կինը համառորեն գա մտնի այս կամ այն ոլորտ: Շատ հարցերում պետք է կանանց հնարավորություն տալ, ներգրավել, կարծիք հարցնել:
-Ինչպե՞ս եք վերաբերվում կնոջը ղեկավարի դիրքում: Պատրա՞ստ եք աշխատել կնոջ ղեկավարությամբ:
Ես ունեցել եմ և´ կին ղեկավար, և´ տղամարդ ղեկավար: Ու կարող եմ ասել, որ որպես տղամարդ ավելի հեշտ է աշխատել կնոջ հետ, որովհետև տղամարդիկ որպես կանոն ավելի ուղիղ են, նրանց մոտ կամ լինում է, կամ չի լինում: Կնոջ դեպքում հնարավոր է բանակցել, քննարկել, ընդհանուր հայտարարի գալ և, ինչո՞ւ ոչ, նաև համոզել:
- Ձեզ համար կա արդյո՞ք տղամարդկային աշխատանք, և կանացի կամ կնոջը սազեկան աշխատանքի բաժանումը:
Ինձ համար կան շատ աշխատանքներ, որոնք սազեկան չեն տղամարդուն ու սազեկան չեն կնոջը: Այստեղ գալիս է արդեն ուժեղի և թույլի ազդեցության գաղափարը: Կինը ֆիզիկապես ավելի թույլ է և ֆիզիկական ծանր աշխատանքը ոչ միայն չի սազում, այլև անընդունելի է կնոջ համար: Նույնիսկ, եթե կինը կարող է անել այդ ծանր աշխատանքը, շատ ավելի հաճելի է, երբ տղամարդն է անում դա նրա փոխարեն: Սա էլ կոչվում է ջենտլմենություն: Ի վերջո, կինը գեղեցիկ է իր կանացիության, նրբության մեջ: Ինձ համար տղամարդկությունը կնոջ թուլությունը գիտակցելն է:
Շարունակությունը՝ այստեղ: