Մարդիկ իրենց տաղանդն օգտագործում են տարբեր նպատակներով. մեկի համար այն ապրելու, փող աշխատելու միջոց է, մեկի համար՝ հոբի, մյուսի համար էլ մասնագիտությունը կենսաձև է, որը սիրում է ու ապրում է նրանով՝ աշխարհին ճանաչեցնելով իր երկիրը: Երգչուհի, վաստակավոր արտիստուհի Աննա Մայիլյանը Life.panrama.am-ի հետ զրույցում բացահայտեց իր սովորույթներն ու կյանքում տեղ գտած տարբեր երևույթների նկատմամբ վերաբերմունքը:
-Արդեն հանգստյան օրերն ավարտվեցին: Ինչպե՞ս եք սիրում հանգիստն անցկացնել:
-Իմ հանգստյան օրերը կապված են ուսումնական տարվա ընթացքում եղած հանգստյան օրերի հետ: Եթե հանգիստս համընկնում է տարվա լավ և տաք եղանակի հետ, ապա շատ եմ սիրում իմ ամենասիրած երկրում՝ Հայքում լինել, տարբեր հետաքրքիր վայրերում, վանքերում, բնության գրկում: Իսկ ձմռանը ինչպես ասում են, տանից լավ տեղ չկա:
-Ինչպե՞ս անցավ աշխատանքային տարվա առաջին օրը:
-Հոյակապ, ես և իմ կոնսերվատորիայի սաները անցկացրեցինք բուռն պարապմունքի մեջ:
-Ամանորը Հայաստանո՞ւմ եք նշել:
-Ես ընդհանրապես Ամանորը չեմ նշում, երբե՛ք: Ինձ համար նման տոն գոյություն չունի, քանի որ այն իր մեջ չի կրում ոչ մի հայկական ազգային ավանդական ակունք: Եվ, բնականաբար, հատուկ այդ տոնի համար երբեք ցանկություն չունեմ այլ երկիր տեղափոխվել և նշել: Ինձ համար տոնը դա Քրիստոսի Ծննդյան օրն է, հատկապես հունվարի 5-ի Ճրագալույցի գիշերը:
-Բայց Հայաստանում Սուրբ Ծնունդը կարծեք թե ավելի հետին պլան է մղված:
-Բացարձակ համամիտ չեմ այդ կարծիքի հետ: Հակառակը, գնալով տոնը ավելի է գնահատվում և զարգանում: Եվրոպայում Սուրբ Ծնունդը կրում է զուտ ավանդական բնույթ, ոչ այնքան հոգևոր: Մեզ համար տոնը բացարձակ հոգևոր նշանակություն ունի և տարեց տարի եկեղեցիներում էլ ավելի ժողովուրդ է հավաքվում Ծննդյան տոնի կապակցությամբ: Հենց ճրագալույցի գիշերն է, որ հեքիաթային է և հրաշքներ է իր հետ բերում, ինչին ականատես եղա ես հենց այս հունվարի 5-ի գիշերային պատարագից առաջ:
-Իսկ դեկտեմբերի 31-ի գիշե՞րը ինչպես եք սիրում անցկացնել:
-Ավանդաբար ես այդ գիշերը լինում եմ իմ տանը: Բայց բացարձակ անքուն չեմ լուսացնում այդ գիշերը, քանի որ ինձ համար սովորական գիշեր է: Քանի որ հունվարի 1-ին մեր եկեղեցիներում լինում է տարվա առաջին օրվա պատարագ, ապա ես հունվարի 1-ին գնում եմ պատարագի: Դա տարվա ամենալավ սկիզբն է: Այդ անվերջանալի ուտել-խմելու և անիմաստ նոր տարին նշելու ավանդույթը մեր մեջ սրսկվեց սովետական շրջանում, որպեսզի Սուրբ Ծննդյան տոնի կարևորությունը վերանա մարդկանց մեջ: Եվ դա բավականին հաջողվեց: Սակայն անկախության շրջանը տվեց մեզ հնարավորություն գոնե ազատ կերպով արդեն նշելու ամենակարևոր տոներից մեկը՝ Սուրբ Ծննդյան տոնը, որը ունի դարերի խորքից եկած ազգային ավանդույթներ, ուրախ երգեր, ժողովրդական ծեսեր: Մի խոսքով այն ամենը, ինչն իսկական տոնի և խնդության առիթ է:
-Աննա, շատերը տոների ընթացքում բողոքում են, որ հոգնում են՝ փոխանակ լիաթոք ուրախանալու: Ձեզ մոտ է՞լ է այդպես:
-Ոչ, ինձ մոտ այդպես չէ: Ես միշտ կազմակերպում եմ Ծննդեան հավաք՝ հայկական ավանդական սեղանով: Այդ օրը հրավիրում եմ իմ սիրած մարդկանց և հենց այդ օրն ենք իսկապես հասկանում, որ առիթ կա նշելու և ուրախանալու:
-Կցանկանայի մի փոքր էլ խոսել մասնագիտական խնդիրներից: Որպես մասնագետ՝ ի՞նչ եք նկատում, ինչպիսի՞ն է այժմ հայկական երաժշտության, երգարվեստի վիճակը:
-Երգարվեստի վիճակը այսօր տարբեր է: Ազատ և անկախ:
Շարունակությունը` այստեղ: