Cosmo.am-ը գրում է.

 

Լրագրող Քրիստինա Գրիշն անդրադառնում է ամուսնության քաղցր, զարմանալի, հաճախ նաև՝ շփոթեցնող աշխարհին:
Սկեսրոջիցս բացի, կգտնվի թերևս միայն 2-3 հոգի, որ իմ ամուսնուն՝ Սկոտին, առնական տղամարդ կհամարի: Նա ինտելեկտուալ անձնավորություն է, սիրում է ընթերցել, հոդվածներ է գրում, իսկ ահա նրա տղամարդկային հատկանիշները սահմանափակվում են վիսկի ըմպելով և գայլերի մասին ֆիլմեր դիտելով:

 

Տղամարդկային հատկանիշների պակասը նրա մոտ ավելի ակնհայտ դարձավ այն ժամանակ, երբ մեր միջանցքում շրիշակի մի կտոր պոկվեց. նա առաջարկեց «վարպետ կանչել»՝ այն վերանորոգելու համար: Ես այդպես էլ արեցի: Վարպետն ընդամենը երեք մեխ ամրացրեց պատին և նույնիսկ անհարմար զգաց ինձանից գումար վերցնել նման չնչին աշխատանքի դիմաց: Երբ նման հարցեր են ծագում, երազում եմ, որ Սկոտն այնքան հնարամտություն ունենա, որ կարողանա ինքնուրույն լուծել վերանորոգման խնդիրները և առհասարակ, իրեն դրսևորի որպես առնական տղամարդ: Ինչո՞ւ են ինձ պես կանայք ամուսնանում փխրուն տղամարդկանց հետ, ապա սկսում գաղտնի երազել, որ վերջիններս վերածվեն մաչոյի:

 

ՄԵՂԱԴՐԻՐ ՀԱՅՐԻԿԻՆ

Որպեսզի կարծիքս սուբյեկտիվ ու անհիմն չհնչի, փաստեմ, որ սա առաջին դեպքը չէր, երբ Սկոտը, մեղմ ասած, ոչ տղամարդկային վարքագիծ էր դրսևորում: Երբ նա հիվանդանում է, սկսում է երեխայի պես փնթփնթալ, իսկ մի անգամ հայրիկիս խնդրեց կտրել մեր ետնաբակի պատուհանին կախված ճյուղը: Երբեմն սկսում եմ մտածել, որ մաչոյի մասին իմ երազանքն իրականում հայրիկիս մեղքով է: «Աղջիկները մեծանում են՝ ակնկալելով, որ բոլոր տղամարդիկ ունակ են անել այն ամենը, ինչ արել է իրենց հայրը, ինչպես օրինակ՝ փայտ կոտրել և վերանորոգել ծորակը»,- ասում է հոգեթերապևտ, գիտությունների թեկնածու Դեբրա Հոլանդը:

 

Տարիներ շարունակ մեր աչքի առաջ ունենալով մեր հայրիկների օրինակը՝ մենք կարծում ենք, որ մեր ամուսինները ևս պետք է նույն կերպ վարվեն: Արդյունքում՝ մենք ցանկանում ենք ունենալ զգացմունքային և խիզախ տղամարդ՝ երկուսը մեկում: Բայց դա ոչ միշտ է իրատեսական։ Մանրամասնում է հոգեբանության դոկտոր, կլինիկական հոգեբան Ջոն Դաֆին. «Տղամարդիկ այլևս չեն խուսափում խոսել իրենց խնդիրների մասին կամ օգնություն խնդրել, երբ չգիտեն՝ ինչպես շտկել իրավիճակը»: Եվ իրոք, եթե ես ընտրության առաջ լինեի, ապա iPhone-ի համար փայտե պատյան քանդակող տղամարդու փոխարեն կընտրեի այնպիսի տղամարդու, ով ընդունակ է լսել ինձ:

 

ԻՆՉ ԱԿՆԿԱԼԵԼ ՏՂԱՄԱՐԴՈՒՑ

Հասկանում եմ, որ Սկոտը երբեք չի պատրաստի իմ երազած զգեստապահարանը, բայց փոքրիկ փոփոխություններ կարող եմ ակնկալել նրանից (սա Դաֆիի հավաստիացումն է), ինչպես օրինակ՝ պատ ներկելը կամ իմ մեքենայի յուղի պարունակությունը ստուգելը: Սակայն այդ ընթացքում չպետք է մոռանալ ասել, թե որքան սեքսուալ տեսք ունի նա՝ այդպիսով խթանելով նման վարքագիծը:

 

Մինչդեռ եթե փորձեմ Սկոտին կտրուկ փոխել, օրինակ՝ ստիպեմ, որ նա գնա փայտագործության դասընթացների, կվտանգեմ մեր հարաբերությունները: Եթե նա չի կարողանում գլուխ հանել նմանատիպ գործերից, ըստ Հոլանդի, ես պետք է գնահատեմ նրա ջանքերը և երբեք չքննադատեմ կամ ասեմ, որ իմ հայրը դա ավելի լավ կաներ: Կամ գուցե ինքս սովորեմ լուծում տալ նման հարցերին. շրիշակի միջադեպից հետո հասկացա, որ «տղամարդկային» գործեր կատարելը իրականում այնքան էլ բարդ չէ: