Խորհուրդները, որոնք ստորև կներկայացնենք, հնարավոր է շատերին օգնեն ազատվել ավելորդ քաշից, սակայն մինչ այդ մեջբերենք ավելորդ քաշի դեմ պայքարի վերջին 2 հայտնագործությունները:

Առաջինը բրիտանացի գիտնականների՝ առանց հատուկ սննդակարգի և ֆիզիկական վարժությունների ավելորդ քաշից ազատվելու պարզ միջոցն է։

 

Համաձայն այս մեթոդի՝ ակտիվ մտավոր աշխատանքը' խաչբառեր, գլուխկոտրուկներ ու տրամաբանական խնդիրներ լուծելը, ավելորդ քաշի դեմ պայքարի լավագույն միջոցներից է: Բանն այն է, որ ինտելեկտուալ գործունեության համար ուղեղը բավականին շատ կալորիա է պահանջում։ Աշխատանքի ժամանակ գլխուղեղն արտադրում է մոտ 1 մլն նյարդային ազդակներ, ինչի համար անհրաժեշտ է էներգիա ծախսել. տեղի է ունենում կալորիաների, գլյուկոզայի և թթվածնի սպառում։ Մեկ րոպեի ընթացքում գլխուղեղը սպառում է 0,1 կալորիա, իսկ մտավոր աշխատանքի ժամանակ այդ թիվը հասնում է 1,5 կալորիայի։

Իսկ ահա Նիգերիայի գյուղատնտեսության ինստիտուտի գիտնականները գտել են նիհարելու մեկ այլ միջոց: Դա ոլոռն է, որն Աֆրիկայում անվանում են աղքատների կերակուր:

Պարզվում է՝ ոլոռը 25 տոկոսով բաղկացած է սպիտակուցներից, նրանում մեծ է վիտամինների, կալցիումի, երկաթի և ցինկի առկայությունը, իսկ մասնագետների դիտարկումներով, ոլոռ օգտագործողները մեկ ամսում նիհարում են մինչև 6 կգ-ով:

 

Առաջին հերթին համոզվեք այն բանում, թե արդյո՞ք ձեր քաշի դեպքում անհրաժեշտ է նիհարել, ունե՞ք իրականում ավելորդ քաշ, թե՞ ոչ: Այն հաշվարկվում է հետևյալ կերպ' մարդու քաշը (կիլոգրամներով) բաժանվում է մարդու հասակի (մետրերով) վրա: Այնուհետև ստացվածը եթե.

- սկսած 18,5 մինչև 24,9 – նորմալ քաշի ցուցանիշ է
- սկսած 25 մինչև 29,9- ավելորդ քաշի ցուցանիշ է
- 30 ավել- մարդը տառապում է ճարպակալությամբ
- 40 ավել – ցույց է տալիս, որ մարդը տառապում է վերջին աստիճանի ճարպակալությամբ, որը 50-150%-ով մեծացնում է մահվան վտանգը և ցանկացած պատճառի հնարավոր վտանգ կարող է դառնալ:

Նիհարելու խնդիրն իսկապես չափազանց տարածված և արդիական խնդիր է նույնիսկ այսօր՝ անկախ տարատեսակ դիետաներից ու հազարավոր «բուժումներից»: Դժվար է գտնել գոնե մի աղջկա, որ չի ուզում նիհարել:

 

Ասել, թե կոնկրետ ինչով է պայմանավորված ավելորդ քաշի ձեռքբերումը դժվար է, քանի որ տարբեր գիտնականներ տարբեր կերպ են հիմնավորում երևույթը, սակայն մի բան բժիշկները խորհուրդ են տալիս հստակ գիտակցել' նիհարելը երկարատև կենսաբանական գործընթաց է, որն օրգանիզմից պահանջում է անհրաժեշտ ժամանակ և ռեսուրսներ, այնպես որ արագ նիհարելու մասին խոսք լինել չի կարող, սա ոչ միայն վնասակար է, այլև տևական լինել չի կարող:

 

Արագ նիհարելու դեպքում օրգանիզմում չափից ավելի արագ կատարվող նյութափոխանակությունը կարող է հանգեցնել բազում խանգարումների և առողջական խնդիրների: Այս հարցում ամենակարևորն առողջ ապրելակերպն է, որը ենթադրում է ոչ միայն ճիշտ սնվելը, այլև նյարդային համակարգի հավասարակշիռ վիճակի պահպանումը, օրգանիզմի ճիշտ կոփումը:

Ճիշտ սնվելը շատ կարևոր դեր է խաղում նիհարելու և առողջ լինելու գործընթացում: Ուտել կարելի է ամեն ինչ, սակայն չափավոր և բալանսավորված: Կարևոր է հիշել, որ երեկոյան ուտելը խիստ վնասակար է ու բացառում է նիհարելու գործընթացը: Խմեք բնական հյութեր կամ մածուն, որոնք նպաստում են օրգանիզմի մաքրմանը ու կտրուկ հրաժարվեք կենդանական ճարպերի օգտագործումից՝ փոխարենն օգտվելով բուսական յուղից, որը հեշտությամբ է մարսվում: Իսկ ընդհանրապես.

 

- Հանեք Ձեր սննդային ռացիոնից սպիտակ հացը, քանի որ այն առաջացնում է ավելորդ խմորումներ և դժվարամարս է: Փոխարինեք այն ավելի կոշտ հացով:
- Աշխատեք սնվել հիմնականում աղցաններով, որոնք առողջարար են, հեշտությամբ են մարսվում ու ավելորդ ճարպային բջիջների ձևավորմանը չեն մասնակցում:
- Խուսափեք շաքարի, կոնֆետեղենի, խմորեղենի չարաշահումից:
- Հիշեք. պետք չէ ուտել մինչև հագենալը, միշտ մի փոքր տեղ թողեք:
- Մոռացեք արագ սննդի՝ տարաբնույթ բուտերբրոդների մասին: Փոխարինեք դրանք ավելի հեշտ մարսման ենթարկվող ապուրներով:
- Սահմանափակեք նաև հեղուկների օգտագործումը: Մեր օրգանիզմի ճարպային բջջանքն ունի մի շատ կարևոր հատկություն. յուրաքանչյուր ճարպային բջջի ճեղքումից արտադրվում է էներգիա և ջուր: Այնպես որ սահմանափակելով հեղուկների օգտագործումը՝ ստիպում ենք ճարպային բջիջներին քայքայվել ու ապահովել օրգանիզմի կողմից հեղուկի պահանջը:
- Շաբաթվա մեջ մեկ անգամ բեռնաթափման օր նշանակեք: Ընդ որում, ընտրեք այնպիսի օր, երբ շատ աշխատելու, ջանք գործադրելու, մտավոր գործունեությամբ զբաղվելու առիթ չի լինում: Շատ օգտակար և արդյունավետ են խնձորով կամ վարունգով բեռնաթափման օրերը:
- Շատ կարևոր նշանակություն ունի նաև ակտիվ կենսակերպի վարումը: Երկար պասիվ վիճակը, նստակյաց կյանքը նպաստում են նյութափոխանակության դանդաղեցմանը և ճարպային շերտի արագ կուտակմանը: Զբաղվեք լողով, պարով, աերոբիկայով, որոնք անպայման դրական արդյունքի կհանգեցնեն: Սակայն սա էլ անպայման կանոնավոր կերպով: