Ladynews.am-ը գրում է.
Համայն մարդկությունն իր ողջ ջանքերն ուղղել է պատերազմների ու հակամարտությունների կանխարգելմանը, սակայն հրանոթները շարունակում են կրակել ու շուրջբոլորը ռումբեր են պայթում:
Միահամուռ կերպով մարտնչում ենք թրաֆիքինգի դեմ, այդուհանդերձ' կանանց առևտուրն ու շահագործումը օրեցօր ավելի տարածում է գտնում, ստանում ամենատարբեր ձևեր:
Թեև ժրաջանությամբ միասնաբար պայքար ենք տանում ահաբեկչության ու թմրամոլության դեմ, ավաղ, անմեղ զոհերի թիվն այդպես էլ չի պակասում, մարդկային ճակատագրերը շարունակում են խեղվել:
Պակաս ջանք չենք թափում առողջ ու ամուր ընտանիքներ ունենալու համար, բայց ապահարզաններն ավելի հաճախակի են դառնում, օտարացումն ու մենությունը' իշխող:
Եւ ինքնաբերաբար հիշում ես մեծն Սարոյանի բացահայտումը. «Աշխարհում ինչ-որ տեղ, ինչ-որ մի բան սխալ է»:
…Ու թերևս Նոր տարվա խորհրդանիշ Կապույտ ձիուց նախևառաջ հենց այս պիտի ակնկալենք. որ մեզ տանի այնտեղ, որտեղ ծվարել է այդ ինչ-որ Սխալը: Որպեսզի Ակունքից մաքրվելով ու մաքրելով գանք, և Կյանքը ստանա իր կուսական դիմագիծը' լի կապույտ երազանքներով, երջանիկ պահերով, համերաշխությամբ, սիրով ու գեղեցկությամբ, ընտանեկան ջերմությամբ ու մարդկային ներդաշնակությամբ…Դուք արժանի եք դրան, սիրերելի լեդիներ:
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ: