Ամանորյա օրերին սննդային թունավորումներից զերծ մնալու համար ՀՀ առողջապահության նախարարությունը զգուշացնում է. սննդամթերք գնելիս հատուկ ուշադրություն դարձնել պահպանման պայմաններին և ժամկետներին:

Աղցանները հարկավոր է պատրաստել քիչ քանակներով և միայն մատուցելուց առաջ համեմել մայոնեզով և թթվասերով, բացի այդ պետք է զերծ մնալ տնային պայմաններում պատրաստված պահածոների օգտագործումից, իսկ օգտագործելու դեպքում պահածոյի պարունակությունը անհրաժեշտ է կաթսայի մեջ նախօրոք եռացնել 20-25 րոպե:

Խորհուրդ է տրվում սննդում օգտագործվող մթերքը լավ լվանալ խմելու ջրով, ճաշատեսակների եփման ժամանակ պահպանել անհրաժեշտ ջերմային ռեժիմը 70 աստիճանից բարձր: Պետք է պահպանել կիսապատրաստվածքների, հում և պատրաստի սննդամթերքի պահպանման հարևանության կանոնները, սննդամթերքը սառնարանում պահել փակ տարաներով՝ աղտոտումից խուսափելու համար:

Բացի այդ, պատրաստի սննդամթեքը սառնարանում պահել 72 ժամից ոչ ավելի:

Պետք է զգոն լինել և սննդամթերքի համային հատկությունների և արտաքին տեսքի (կողմնակի հոտ, համ, բորբոս, գունափոխություն և այլն) փոփոխության դեպքում այն չօգտագործել:

Սնունդ պատրաստելուց և ընդունելուց առաջ ձեռքերը պետք է լվանալ օճառով' օգտագործելով միայն խմելու ջուր, իսկ կրեմային հրուշակեղեն պատրաստելիս' նախօրոք լվանալ հավկիթները:

Խորհուրդ ենք տալիս չչարաշահել գազավորված, էներգետիկ ըմպելիքի և ալկոհոլի օգտագործումը, չգնել ու սննդում չօգտագործել անհայտ ծագման, չստուգված սնկեր:

Սունկը գնել միայն շուկայից և խանութներից' համապատասխան իրավասու մարմնի կողմից տրված փաստաթղթի առկայության դեպքում:

Խորհուրդ չի տրվում երեխաներին և հղի կանանց սննդում օգտագործել սունկ և տնային պայմաններում պատրաստված պահածոներ: Միևնույն ժամանակ, պետք է խուսափել ճարպոտ սննդի օգտագործումից, սնունդն ընդունել քիչ քանակությամբ, ընդմիջումներով ու հերթականությամբ:

Տոնական օրերին խորհուրդ է տրվում սահմանափակել տապակած կերակրատեսակները, ալկոհոլի օգտագործումը ճարպոտ սննդի հետ, քանի որ ալկոհոլը դանդաղեցնում է ճարպերի քայքայումը օրգանիզմում, ընկճում (արգելափակում է) կենդանական սպիտակուցը քայքայող ֆերմենտի ակտիվությունը, որը դժվարանում է մարսողությունը և սննդի յուրացումն օրգանիզմի կողմից: Արդյունքում սկսվում է մսի խմորումը աղիներում: Ինչքան երկար ժամանակ ալկոհոլը մնա ստամոքսում, այնքան ալկոհոլդեհիդրոգենազան քիչ կքայքայի այն, քանի որ ալկոհոլի ընդամենը 20% է քայքայվում ստամոսքսում, հետևաբար ալկոհոլի յուրացումը նույնպես կնվազի:

Խորհուրդ է տրվում օգտագործել բանջարեղենային կերակրատեսակներ, քնելուց առաջ' երեկոյան, մրգեր:

Բացի այդ, պետք է իմանալ, որ անհամատեղելի են ալկոհոլի հետ քացախը, ձուկը, կաթնաթթվային մթերքը, պանիրը:

Խորհուրդ չի տրվում յուղոտ միսը, ձուն, պանիրը, ընկույզը օգտագործել կարագի, թթվասերի, բուսական յուղի հետ, քանի որ ճարպը ընկճում է ստամոքսի գեղձերի ֆունկցիան, ինչի արդյունքում նվազում է ստամոքսահյութի արտադրությունը մսի, ձվի և ընկույզի մարսողության ժամանակ:

Խուսափեք նաև թթու մրգերը, լոլիկը օգտագործել մսի, ընկույզի և պանրի հետ:

Խորհուրդ չի տրվում շաքար պարունակող սնունդը օգտագործել օսլա պարունակող սննդի հետ: Օրգանիզմում տեղի է ունենում խմորման պրոցեսներ, որի հետևանքով բարձրանում է ստամոքսի թթվայնությունը, հնարավոր է վքնածություն և մարսողության այլ խանգարումներ:

Բացի այդ, առաջարկում ենք խուսափել տապակած կերակրատեսակներ օգտագործելուց, օգտագործեք սննդամթերքը խաշած վիճակում: