Տոներին ընդառաջ' Doctors.am-ի հյուրասրահը հյուրընկալել է սննդաբան, ԵՊԲՀ հիգիենայի և էկոլոգիայի ամբիոնի դասախոս Արմեն Մկրտչյանը:
- Ընդհանուր առմամբ , ի՞նչ է նշանակում առողջ սննդակարգ, և Ձեր կարծիքով, մեր բնակչությունն արդյոք մեծ ուշադրություն դարձնու՞մ է ճիշտ և առողջ սնվելուն:
- Ռացիոնալ, ճիշտ սննդակարգը երկու կոնպոնենտ ունի՝ բալանսավորվածությունը, թե մարդը ինչ ուտի և ռեժիմը՝ թե ինչպես ուտի. և միայն այս երկու գործոնների համադրությունը կարելի է համարել ճիշտ սննդակարգ: Ճիշտ սնվելու մասին, որոշ առումով, հետևողական են այսօր, սակայն մեծ խնդիր է, թե ինչպես ուտել: Մեր հետազոտությունները ցույց են տալիս, որ նույնիսկ տարրական դպրոցի աշակերտների մեծ մասը չի նախաճաշում, որը պարտադիր նախապայման է: Կատարյալ է համարվում օրվա ընթացքում 3-4 անգամ սնունդ ընդունելը: Ծանրաբեռնված, խիտ առօրյայի պատճառով մարդիկ այնքան էլ չեն հետևում այս կանոնին: Սովորաբար, մեկ գավաթ սուրճը համարում ենք նախաճաշ, ինչը միանշանակ սխալ է: Նորմալ է համարվում մինչև ժամը 3-4ը ընդունել օրվա կալորիականության 50 տոկոսից ավելին, սակայն տարածված սխալ է այս սնունդը թողնել երեկոյան: Մեզ մոտ սնվելու կանոնակարգը բացարձակ չի համապատասխանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության սահմանած կարգին: Ինձ հաճախ տրվող հարցերից է' ե՞րբ է պետք վերջին անգամ սնվել: Ասեմ, որ տարածված կարծիքը, թե 6-ից 7-ից հետո ուտելը սխալ է, անհիմն է, իրականում, ընդունելի է քնելուց մեկ ժամ առաջ սնվելու տարբերակը:
- Որ՞ոնք են , թերևս, ամենատարածված խնդիրները, որ ունեն ամենաբարձր դիմելիություն Ձեր պրակտիկայում:
- Առաջին հերթին, դիմում են ավելորդ քաշի պրոբլեմով՝ իրական , իսկ երբեմն էլ չափազանցված: Սովորաբար, մինչև 30 տարեկան կանայք չափազանցնում են խնդիրը, իսկ ավելի բարձր տարիքի կանանց դեպքում, իսկապես կա հավելյալ քաշի խնդիր:
- Այսօր աղետալի հիվանդություն կարելի է համարել գիրացումը և ճարպակալումը: Ուրիշ ի՞նչ հիվանդությունների պատճառ կարող է լինել սխալ սնունդը:
- Ընդհանրապես սխալ սնունդը, գոյություն ունեցող բոլոր հիվանդությունների 80 տոկոսի առաջացման մեջ այս կամ այն առումով ներկա է: Ասեմ, որ միայն ճիշտ սնվելով և գրագետ կազմակերպված ֆիզիկական ակտիվության շնորհիվ մենք կխուսափենք ամեն երրորդ ուռուցքից: Այն կարող է հանգեցնել նաև այնպիսի լուրջ պրոբլեմների, ինչպիսիք են ճարպակալումը, աթերոսկլերոզը, արթրոզները, տարբեր վիտամինային և միկրոէլեմենտային անբավարարությունը, սեռական ֆունկցիայի խանգարումները…
- Գիտենք, որ մարդու օրգանիզմի սննդային պահանջները բնականորեն տարբեր են, ըստ եղանակների: Ո՞րն է համարվում "ձմեռային" սնունդ: Ի՞նչ օգտակար նյութերի, վիտամինների պահանջ ունի օրգանիզմը ձմռանը:
- Ընդհանրապես ցուրտ կլիմայական պայմաններում հիմնական նյութափոխանակությունն ակտիվանում է, ունենք ավելի շատ էներգիայի, ջերմության պահանջ, որ օրգանիզմը կարողանա դիմադրել ցրտին: Ձմռանն ավելանում է մեծ էներգակիր նյութերի՝ ճարպերի պահանջը և կարիքը բոլոր այն հանքանյութերի և վիտամինները, որ օգնում են այդ ճարպերի յուրացմանը: Կարևոր է հակաօքսիդանտ վիտամինների ընդունումը ՝ C, E , հարկավոր են B խմբի վիտամիններ: Այս ամենի ընդունումը դժվարանում է այն պատճառով, որ մենք անցնում ենք պահածոյացված սննդի օգտագործմանը, լոբազգիների, հացամթերքի, որոնց մեջ վիտամին C-ի պարունակությունը չնչին է և մսամթերքի, որի մեջ ընդհանրապես բացակայում է այս վիտամինը:
- Իսկ ինչպե՞ս լրացնել այս բացը: Գուցե այն լրացնել հավելյալ վիտամինների, հաբերի՞ տեսքով:
- Եթե ոչ ձմռան սկզբում, ապա վերջում սովորաբար խրախուսելի է հավելյալ վիտամինների ընդունումը: Բայց եթե անձը ուզում է ձմռանը բավարարել օրինակ վիտամին C-ի պահանջը, տարածված նարինջ, կիտրոն, մանդարին օգտագործելու փոխարեն խորհուրդ կտայի մասուր օգտագործել, որը երեք անգամ ավելի շատ վիտամին C է պարունակում, օգտագործել կարմիր, կանաչ պղպեղ, մաղադանոս, որ երկու անգամ ավել վիտամին C են պարունակում, քան կիտրոնը: Այս վիտամինի հրաշալի աղբյուր են չորացրած մրգերը
- Մոտենում են մեր բնակչության կողմից շատ սիրելի ամանորյա տոները: Խանութների եռուզեռից կարիելի է ենթադրել, որ շուտով սեղանները զարդարվելու են բազմատեսակ ուտեստներով: Որ՞ոնք են Ամանորյա տոներին թույլ տրվող ամենատարածված սխալները:
- Եթե խոսում ենք սննդի անվտանգության մասին, առաջին տեղում աղցաններն են, որ հիմնականում թթվասերով կամ մայոնեզով են և չորս- հինգ օր այդպես պահվում են: Ես հաճախ ասում եմ' սննդային թունավորումների մեծ մասը սկսվում են հետևյալ արտահայտությունից՝ "դե սառնարանում դրված էր, ի՞նչ պիտի լինի": Աղցանները պետք է պատրաստել փոքր չաբաբաժնով, կամ պահել առանց թթվասեր ավելացնելու:
Այդ օրերին ահռելի մեծ քանակությամբ կարմիր մսի օգտագործումը ևս անընդունելի է՝ ապխտած միս, տարբեր գունանյութերով պատրաստված մսամթերք՝ երշիկեղեն, բաստուրմա: Այդ գունանյութերը հետագայում մեր օրգանիզմում վերածվում են քաղցկեղածին նյութերի: Շատ հաճախ գիշերը, քնելուց առաջ, մարդիկ օգտագործում են ընդեղեն, օրգանիզմը ենթարկելով ճարպային մեծ ծանրաբեռնվածության: Այդ օրերին բավական հաճախանում են աղիքային անանցանելիության դեպքերը:
Տոնական օրերին ավելանում է նաև հացամթերքի օգտագործումը՝ հաց, նրբաբլիթներ: Եվ այս ամենից հետո միրգը թողնում ենք վերջում:
- Շատ կանայք, տոներին ընդառաջ, տարբեր դիետաների են հետևում, որպեսզի այդ օրվա երեկոյան զգեստով լավ տեսք ունենան: Ի՞նչ կասեք այս մասին: Արդյոք օրգանիզմի համար նորմա՞լ է սննդային "քաղցից" հետո գերսնումը:
- Իրականում, կտրուկ անցումը այդքան վտանգավոր չէ, որքան երկար ժամանակ որևէ դիետայի հետևելը: Կալորիաների, հագեցած ճարպաթթուների, աղի օգտագործման ճիշտ սահմանափակում պետք է նշանակվի դիետոլոգի կողմից, ոչ մի դեպքում խրախուսելի չեն ինքնուրույն նախաձեռնությունները: Նաև ասեմ, որ պետք չէ վստահել դիետաների, որոնց կողմնակի ազդեցությունների մասին չի նշվում, պետք չէ դյուրահավատ լինել: Մեկ, մեկուկես ամիս տևողությամբ թեթև դիետաներն ընդունելի են:
- Ամանորյա տոների ո՞ր սննդային համադրումներից խորհուրդ կտաք խուսափել: Մի փոքր, ալկոհոլի օգտագործման և չարաշահման մասին:
- Ալկոհոլի մեկ չափաբաժինը պարունակում է 14 գրամ էթիլ սպիրտ: Ամերիկյան, եվրոպական մասնագետները տղամարդկանց համար սահմանում են ալկոհոլի եկրու, իսկ կանանց համար մեկ չափաբաժինը: Երկու բաժակից ավել ալկոհոլի օգտագործումն արդեն կարելի է չարաշահում համարել: Այն լուրջ էներգիայի աղբյուր է, ավելին, քան նույնիսկ շոկոլադը: Օրական 3-4 բաժակի օգտագործումը 4-5 օրից ոչ ավել, ներելի է:
Իսկ սննդային համադրումների հետ կապված ասեմ, որ հրաշալի տարբերակ է հայկական պասուց տոլման, որ պարունակում է բավական ճիշտ, բալանսավորված օգտակար նյութեր, սպիտակուցների և ճարպաթթուների ճիշտ քանակ, միակ թերությունը , թերևս, կերակրի աղի մեծ պարունակությունն է: Խորհուրդ կտայի հիմնական սնունդն ընդունելուց առաջ մի փոքր միրգ կամ թեթև բանջարեղենային աղցան ուտել, որը մեզ կպաշտպանի գերսնումից:
- Հատկապես այս օրերին մեծանում է "մոլուցքը" սեղանին անսովոր և չհանդիպող կերակրատեսակներ ունենալու: Ընդհանրապես, ինպե՞ս է մարսվում էկզոտիկ սնունդը (մրգեր, ձկնամթերք…) որ տվյալ տարածաշրջանին հատուկ չէ:
- Մենք ավելի շատ նարինջ և բանան ենք օգտագործում, քան տանձ կամ խնձոր, որոնցով հարուստ է մեր երկիրը: Միանշանակ, ճիշտ է օգտագործել բոլոր մթերքների տեղական արտադրության տարբերակը՝ կաթնամթերք, մսամթերք: Իսկ էկզոտիկ մթերքների դեպքում, պարզապես պետք է հաշվի առնել մարդու ալերգիկ ռեակցիան այս կամ այն էկզոտիկ մթերք , միրգ օգտագործելիս:
- Մեծ պահքը, ինչպես հոգևոր մաքրման խորհուրդ ունի, այնպես նաև մարդու սննդակարգում բացառումն է կենդանական ծագման սննդի: Ինչպ՞ես է այն անդրադառնում օրգանիզմի վրա: Ո՞ր տարիքից կարելի է պահք պահել: Կա՞ն հակացուցումներ:
- Պահքը, կարծում եմ, հանճարեղ երևույթ է, իհարկե առաջնայնությունը տալով հոգևորին:Հետաքրքրական է, թե երբ էին մարդիկ անցնում պահքի. երբ վերջանում էր պահված մսամթերքը՝ ղաուրման, յուղը, կաթ գրեթե չկար, իսկ ցորեն ամբարներում դեռ մնացել էր: Այս շրջանում օրգանիզմը հրաշալի մաքրվում է սպիտակուցային, ճարպային շլակներից: Կարելի է ասել, որ յուրօրինակ ՛՛բժիշկ՛՛ է պահքը: Իսկ պահք պահել խորհուրդ կտայի չափահաս տարիքից: Կան նաև հիվանդություններ, օրինակ՝ դիաբետը, որի դեպքում բացառվում է պահքին հետևելը: Գոնե 20 օր նվազագույնի հասցնելով կենդանական ծագման սննդամթերքները, մարդը մեծ օգուտ կարող է տալ օրգանիզմի գործունեությանը: Կարծիք կա, որ կենդանական սպիտակուցներն ավելի որակյալ են քան բուսական ծագում ունեցողները, սակայն այս սպիտակուցների ճիշտ համադրումը, օրինակ՝ հացահատիկ և լոբազգի, կարող է ստացվել բավական լավ որակի սպիտակուց:
- Որպես սննդաբան' Ձեր կարծիքով, ո՞րն է կատարյալ Ամանորյա սեղանը:
- Ամեն ինչ պետք է լինի թարմ, բնական, մինիմալ ջերմային մշակման ենթարկված, յուղով չտապակված, պետք է խուսափել շատ յուղոտ պանրի տեսականուց, ապխտած և գունավորված մսեղենից:
- Ինչպ՞ես է պետք գրագետ վերականգնել օրգանիզմը արձակուրդներից , տոներից հետո, այն պատրաստել աշխատանքային գրաֆիկին, լարվածությանը:
- Լավագույն միջոց է սննդակարգում կաթնամթերքի ավելացումը, բնավ նկատի չունեմ կաթը, պանիրը, կարագը: Հրաշալի է այդ օրերին կաթնաթթվային մթերքների օգտագործումը՝ մածուն, յոգուրտ, կեֆիր: Սրանք ճիշտ բալանսավորման ֆունկցիա և լավ ճարպային կառուցվածք ունեն:
- Եվ վերջում, Ձեր խորհուրդը և մաղթանքն ընթերցողին:
- Ես կուզեի, որ մարդիկ շատ ավելի հետևողական լինեն, և հենց Doctors.am-ից օգտվելով, ավելացնեն գիտելիքները առողջության և դրա պահպանման մասին: Բոլորին առողջություն եմ մաղթում:
Շնորհակալություն հետաքրքիր և բովանդակալի հարցազրույցի համար: